Մայամիում բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և հրդեհվել․ կա 5 զոհ
07 Սեպտեմբերի 2026, 10:10
Մայամիի միջազգային օդանավակայանում Amazon Air-ի բեռնատար Boeing 767-300 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, բախվել կայանատեղիում գտնվող մեքենաներին և հրդեհվել։
Մամուլի ասուլիսի ժամանակ Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելա Լևին Կավանը հայտնել է, որ վթարի հետևանքով հինգ մարդ զոհվել է։
Մայամիի հրշեջ ծառայության ղեկավար Ռայեդ Ջադալլահն էլ հայտնել է, որ ևս 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանցից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Վթարը տեղի է ունեցել խոշոր լոգիստիկ համալիրի հարակից ավտոկայանատեղիում։ Տեղեկությունների համաձայն՝ տուժածներից մի քանիսը արգելափակվել են ինքնաթիռի հարվածի տակ հայտնված տրանսպորտային միջոցներում և չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ։
Boeing 767-300-ը իրականացնում էր 7598-րդ չվերթը՝ Պուերտո Ռիկոյի Լուիս Մունյոս Մարինի անվան միջազգային օդանավակայանից դեպի Մայամի։ Ինքնաթիռը պատկանում է 21 Air ավիաընկերությանը և շահագործվում է Amazon Air-ի կողմից։
Amazon-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Քելի Նանտելը հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռի՝ Մայամիի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելու փորձի ժամանակ։
«Մենք սերտորեն համագործակցում ենք տեղի իշխանությունների և պաշտոնյաների հետ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել»,- նշել է նա։