Մայր Աթոռը դատապարտել է Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները Գանձասարի և Դադիվանքի վերաբերյալ
14 Սեպտեմբերի 2026, 19:50
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասար և Դադիվանք կատարած այցելությունը։ Եկեղեցին բացահայտ կեղծարարություն և հայատյաց քաղաքականության անթաքույց դրսևորում է որակել Հաջիևի հայտարարությունները, որոնցով ժխտվում է վանական համալիրների հայկական պատկանելիությունը՝ դրանք իբրև աղվանական ներկայացնելու միջոցով։
Մայր Աթոռից ընդգծում են, որ քաղաքական նպատակահարմարությամբ պատմական իրողությունների խեղաթյուրումն ու հեգնական վերաբերմունքը նպատակ ունեն մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Հատկապես մտահոգիչ է համարվում այն հանգամանքը, որ քարոզչական այս միջոցառմանը ներգրավվել են Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ակնկալում է, որ միջազգային դիվանագետները պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանն ու հայատյաց քաղաքականությանը և իրենց մասնակցությամբ չեն նպաստի պատմական ժառանգության յուրացմանը։ Միևնույն ժամանակ, Եկեղեցին շեշտում է, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանանան նաև ՀՀ իշխանությունների պատշաճ գնահատականին և դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերին։
Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել՝ կանխելու Արցախի բռնի հայաթափումից հետո իրականացվող հնագույն քրիստոնեական հուշարձանների, խաչքարերի ու գերեզմանոցների հետագա ոչնչացումն ու յուրացումը։
«Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ»,— նշված է հայտարարության մեջ։ Եկեղեցին ընդգծում է, որ Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունն ու դրանք կերտած Հայոց Եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն են։