Մայր Աթոռը քննադատել է ՀՀ կառավարության՝ Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ զեկույցը
24 Սեպտեմբերի 2026, 19:00
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ՀՀ Կառավարության կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցին։ Մայր Աթոռից ընդգծում են, որ հիշյալ փաստաթուղթն իր ձևով և բովանդակությամբ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։
Ըստ հայտարարության՝ պետական միջոցների մսխմամբ, ինչպես նաև սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում տարածված մեղադրանքների և հերյուրանքների հիման վրա շարադրված այդ զեկույցը քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության դրսևորում է։
Մայր Աթոռը վերահաստատել է 2026 թվականի փետրվարի 17-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի որդեգրած դիրքորոշումը՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել նրա դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ Եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա։
Իշխանություններին նաև կոչ է արվում վերջ դնել բռնաճնշումներին, որոնք շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով իրականացվում են հոգևորականների և ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ, գործել բացառապես Սահմանադրության, ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներում, հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի ու դավանանքի ազատությունը, և պառակտման փոխարեն ապահովել հասարակական համերաշխություն։ Մայր Աթոռն ընդգծում է առկա խնդիրներն ու հակառակությունները երկխոսության ոգով, առանց նախապայմանների փարատելու անհրաժեշտությունը՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։
Հայտարարության մեջ փաստվում է, որ հենց ՀՀ իշխանությունների ջանքերով է արհեստական ճգնաժամ առաջբերվում եկեղեցական կյանքում։ Մայր Աթոռն անընդունելի է համարում քաղաքական կամայական մոտեցումներով, մեքենայություններով ու պարտադրանքներով թելադրված բարենորոգման որևէ շարժում՝ արձանագրելով, որ Հայոց Եկեղեցու մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության գործընթացները կարող են իրականացվել միմիայն եկեղեցական կանոնական բարձրագույն մարմինների որոշումներով։
Եկեղեցու տկարացման, եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված սույն դատապարտելի քաղաքականությունը երբեք չի կարող ծառայել հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարիքին, միասնականության ամրապնդմանը, առավել ևս արտաքին անվտանգային սպառնալիքների հանդիման՝ առկա փորձությունների դիմագրավմանը, ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ։