Մեծ ծնողներս Հայոց ցեղասպանությունը վերապրել են դեռ մինչև 1915-ը. Վրեժ-Արմեն Արթինյան

10 Մարտի 2025, 18:50

Կարծիք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած տեսություններից մեկի համաձայն՝ ազգը հակադրվում է ժողովրդին, կամ ժողովուրդը գերադասվում է ազգից, իսկ ժողովրդի տիտղոսին արժանի է միայն նա, ով կրում է ՀՀ անձնագիրը։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է կանադահայ ճարտարապետ Վրեժ-Արմեն Արթինյանի հետ։

«Մեզ՝ կանադահայերիս համար խորթ է նման մոտեցումը։ Մենք մեր կամքից անկախ ենք Հայաստանից դուրս գտնվում։ Իմ ծնողները, ես, երեխաներս ու թոռներս ծնվել ենք դրսում, բայց ամբողջ կյանքում դաստիարակվել ենք այնպես, որ մենք հայ ժողովրդի մասն ենք կազմում։ Բայց գործող իշխանության ներկայիս դիրքորոշումն այլ բան է ցույց տալիս, և մենք չենք կարող դրա հետ հաշտվել։ Մենք բացահայտ կերպով մեր անհամաձայնությունը հայտնում ենք այս հարցի շուրջ, և դա պարզ երևում է թե՛ մեր ձեռնարկներում, թե մամուլում»,- ասել է Արթինյանը։

Խոսելով սեփական անվան նախապատմության մասին՝ ճարտարապետը նշել է․

«Ծնողներից մեկն ուզում էր անունս Արմեն լիներ, իսկ մյուսը՝ Վրեժ։ Արդյունքում դրեցին Վրեժ-Արմեն, որն օգտագործում եմ նաև որպես գրական անուն։ Սակայն բոլորը մոռանում են Արմենի մասին և անվանում են միայն Վրեժ։ Խոսելով նախնիներիս մասին՝ պետք է նշեմ, որ մեծ ծնողներս Հայոց ցեղասպանությունը վերապրել են դեռ մինչև 1915-ը, և այն իմ պատմության անբաժանելի մասն է։ Հայերը ջարդերի են ենթարկվել 1915-ից առաջ էլ, հետո էլ, որի վառ ապացույցը Արցախյան պատերազմն է։ Ցեղասպանությունը միայն ֆիզիկական ոչնչացումը չէ։ Արցախահայերը բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից և դա ևս ցեղասպանություն է»,- եզրափակել է Արթինյանը։