Մեկ ամիս առաջ Բաքվից զանգահարելուց հետո ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի հետ կապը կորել է. փաստաբան
27 Հուլիսի 2026, 17:18
Բաքվի բանտում պահվող Լյուդվիգ Մկրտչյանն առողջական լուրջ խնդիրների ունի․ հիվանդանոց տեղափոխվելուց հետո նրա ընտանիքն մեկ ամիս ավելի որևէ տեղեկություն չունի նրա մասին։ Այս մասին ահազանգում է փաստաբան Լուսիանա Մինասյանը՝ հրապարակային դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
«Լյուդվիգ Մկրտչյանի ընտանիքին շտապ անհրաժեշտ է կապ հաստատել նրա հետ։ Մեկ ամիս առաջ ընդամենը մեկ անգամ զանգահարել է Բաքվից, որից հետո նրա հետ կապն ամբողջությամբ ընդհատվել է։
Վերջին հեռախոսազրույցի ընթացքում նա պատմել է առողջական լուրջ խնդիրների մասին. կորցրել է գիտակցությունը և հետազոտության համար տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ուշագնացության պատճառներն ու ճշգրիտ ախտորոշումն այդպես էլ չեն հայտնել»,- X սոցիալական ցանցում մանրամասնում է «SOAR» կազմակերպության ղեկավար, միջազգային փաստաբան Լուսիանա Մինասյանը։
«Նրա վիճակը գնալով վատթարանում է, իսկ ընտանիքը տագնապով ու անհանգստությամբ սպասում է գոնե մեկ լուրի։ Չկա՛ ոչ մի ախտորոշում, չկա՛ն պարզաբանումներ, իսկ այդ զանգից հետո տիրում է կատարյալ լռություն։ Լրացուցիչ մեկ հեռախոսազանգը չի ազատի և չի բուժի Մկրտչյանին, բայց կնոջը հնարավորություն կտա իմանալու՝ արդյոք իր ամուսինը ողջ է և գիտակցություն ունի՞»,-նշել է Մինասյանը։
Ավելի վաղ փաստաբանը հրապարակել էր բժշկական փաստաթղթեր, որոնք հաստատում են Մկրտչյանի առողջական ծանր վիճակը։ Նա դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ կոչ անելով անհապաղ ապահովել անկախ բժիշկների այցը և տրամադրել շտապ բժշկական օգնություն։