Մենք չենք լիազորել կողմ քվեարկել ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
28 Հոկտեմբերի 2026, 19:53
Իշխանությունները նախընտրական շրջանում հասարակության հետ հաղորդակցվելիս չեն ստացել այն մանդատը, որը թույլ կտար Ադրբեջանի պահանջով փոփոխություններ կատարել Սահմանադրությունում։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Դուք նախընտրական շրջանում գնացել եք ժողովրդի մոտ և նման աներկբա տեքստերով հաղորդակցվել ժողովրդի հետ, ասել եք՝ մեզ ձայն պիտի տաք, որպեսզի մենք ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Սահմանադրական մեծամասնություն՝ ի՞նչ անելու համար։ Բնականաբար, Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելու համար, որը չեք ստացել»,- նշել է պատգամավորը։
Աննա Գրիգորյանի խոսքով՝ երբ իշխանությունն ասում է, թե տեքստի հրապարակումից հետո կգնա և կհամոզի ընդդիմադիրներին, բաց է թողնում պարզ քաղաքագիտական տրամաբանությունը․ համոզելու սուբյեկտը ոչ թե ընդդիմադիր պատգամավորն է, այլ ժողովուրդը, որը նման լիազորություն չի տվել։
Նա ընդգծել է նաև, որ անընդունելի է ամեն անգամ ադրբեջանական պահանջները կատարելու համար երկիրը և ժողովրդին պարբերաբար ցնցումների ենթարկելը։