Մենք մեր կամքով չենք մեր հայրենիքը, տները լքել, դա իրոք եղել է ցեղասպանության վտանգի ներքո․ Մետաքսե Հակոբյան
11 Դեկտեմբերի 2023, 23:10
Նույնիսկ մայր Հայաստանում մենք խնդիր ունենք հենց հայրենիք զգալու հետ կապված՝ ի դեմս իշխանությունների։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Մեր բոլոր քննարկումները առ այն են, թե ինչ ենք անելու,որոնք պիտի լինեն մեր քայլերը ու դեպի ուր են տանելու այ քայլերը։ Հիմա մի անսովոր իրավիճակում ենք, երբ ստացվում է , որ նույնիսկ մայր Հայաստանում մենք խնդիր ունենք հենց հայրենիք զգալու հետ կապված՝ ի դեմս իշխանությունների։ Բայց կարծում եմ՝ դա չի կարող այնպիսի գործոն հանդիսանալ, որ մենք հետ կանգնենք այն ամենից, ինչը պարտավոր ենք անել։ Մեր քայլերը երբևէ չեն կարող իրենցից վտանգ ներկայացնել թե Հայաստանի Հանրապետությանը, թե ընդհանրապես հային։
Ես կասեմ հակառակը՝ այն բոլոր քայլերը, որոնք մենք հետայսու կփորձենք մանրակրկիտ հաշվարկներից հետո կատարել, ուղղված են լինելու մեր բոլորի անվտանգությանը և ի շահ մեր բոլորի հայրենիքի։ Ի շահ ասելով՝ ի տարբերություն իշխանությունների, նկատի չունեմ առանձին Հայաստան և առանձին Արցախ, որովհետև փաստ է՝ այն թեզը, որի մասին 3 տարի շարունակ ասում էինք, որ չի կարող երբևէ լինել Արցախ առանց Հայաստանի, դա արդեն տեղի է ունեցել մեր աչքի առաջ է և չի կարող լինել ուժեղ Հայաստան՝ առանց Արցախի»,- նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ մեր աչքի առջև այսօր էլ տեսնում ենք օր-օրի թուլացող Հայաստանը․
«Օր-օրի, ժամ առ ժամ տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը թուլանում, ինչպես միջազգային հարթակներում որպես սուբյեկտ այլևս չի ընկալվում։ 120 հազար հայ իրականում ցեղասպանվելու վտանգի առջև էր կանգնած և արդեն սկսվել էր այդ պրոցեսը։ Մենք մեր կամքով չենք մեր հայրենիքը, տները լքել։
Դա եղել է իրոք ցեղասպանության վտանգի ներքո, մեզ բռնի տեղահանել են մեր տներից, որովհետև ադրբեջանցի վայրագ զինվորները շրջում էին Ստեփանակերտի փողոցներով։ Մնացած բնակավայրերում ինչ քանակությամբ էին ու ինչեր էին անում։ Բազմաթիվ փաստեր կան խոշտանգումների, մանուկների սպանության։ ՔՊ-ականներն ինչքան էլ փորձեն մեզ թիրախավորելով պաշտպանել ադրբեջանական շահը, փաստերը չեն կարող խեղաթյուրել»,- եզրափակել է Մետաքսե Հակոբյանը։