Մենք պատի պես կանգնելու ենք Սահմանադրության փոփոխությունների դեմ․ Վարդանյան
17 Նոյեմբերի 2026, 11:49
Գնացել ենք ընտրությունների, դուք ասել եք՝ պիտի այս Սահմանադրությունն անցկացնենք, մեզ 70 տոկոս տվեք։ Մենք ասել ենք՝ պատի պես կանգնելու ենք դրա դեմ։ Ձեզ 70 տոկոս չեն տվել, իսկ մեզ տվել են այնքան ձայն, որ կարողանանք դեմ լինել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունն այժմ ընդդիմությանն առաջարկում է մասնակցել Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկմանը, սակայն դա կնշանակի դավաճանել ընտրողների կողմից տրված մանդատին։
«Հիմա ի՞նչ եք առաջարկում՝ մեր ստացած մանդատը դավաճանե՞նք, գանք ձեր հետ հանցակից լինե՞նք՝ իշխանության արտաքին պահանջը կատարելու համար։ Մենք ձեր պես չենք, մենք չենք գնալու մարդկանց մի բան ասենք, գանք հակառակը անենք, դրա մասին մոռացեք»,- նշել է պատգամավորը։