Մենք պատրաստ ենք հետընտրական զարգացումներին, տեր ենք կանգնելու մեզ տված քվեին. Գոհար Մելոյան

04 Հունիսի 2026, 22:02

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը պնդում է՝ իշխանությունները վախեցած են, դրա համար էլ ընտրությունից 2 օր առաջ ակտիվացրել են խուզարկությունները դաշինքի գրասենյակներում և համակիրների տներում:

«Ակնհայտ է՝ իշխանությունները գիտակցում են, որ առանց արհեստական և ոչ իրավական միջամտությունների չեն կարող հաջողություն ունենալ ընտրություններում: ՔՊ-ն համոզված է, որ հավասար օրինական պայմաններում չի կարող վերընտրվել, իշխանության այս ջղաձգումները պայմանավորված են հատկապես մեր քաղաքական ուժով: Դաշինքի երեկվա հանրահավաքը, որին մոտ 80 000 մարդ էր մասնակցում, դրա մասին է վկայում»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Գոհար Մելոյանը:

Ըստ պատգամավորի թեկնածուի՝ քարոզարշավի այս 28 օրերի ընթացքում դաշինքից խուզարկությունների հետևանքով մոտ 400 մարդ է բերման ենթարկվել, նրանցից շատ քչերի նկատմամբ է խափանման միջոց ընտրվել:

Գոհար Մելոյանը համոզված է՝ընտրությունների արդյունքով «Ուժեղ Հայաստան» դաշինքը բացարձակ մեծամասնություն է կազմելու:

«ՔՊ-ն ձախողվելու է հունիսի 7-ին, պետք է հաշտվեն ու շնորհավորեն հաղթող ուժին: Եթե Փաշինյանը պատրաստ չլինի հրաժարվել իշխանությունից, մենք պատրաստ ենք հետագա զարգացումներին և հետևողական ենք լինելու մեզ տված քվեին տեր կանգնելու ուղղությամբ»,- հավելեց Մելոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: