Մենք պետք է վերանայենք Եվրամիության և Ադրբեջանի միջև համաձայնագիրը. եվրապատգամավոր
11 Մարտի 2025, 22:30
Ես հետևում եմ Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների, հայ քաղբանտարկյալների ճակատագրին, և ես կարծում եմ, որ դա բացարձակապես անընդունելի է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի Սլովակիայից պատգամավոր Միրիամ Լեքսմանը՝ խոսելով Բաքվում ընթացող դատավարության իրավական և մարդասիրական կողմի մասին:
«Մենք պետք է վերանայենք Եվրամիության և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, քանի որ չենք կարող Մարդու իրավունքների այս խախտումներով Ադրբեջանին համարել մեր գործընկերը։ Պետք է գործադրենք բոլոր անհրաժեշտ ճնշումները, պետք է քննարկենք պատժամիջոցներ այն դատավորների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդկության դեմ այս հանցագործության համար: Շատ ուշադիր հետևում եմ Ռուբեն Վարդանյանի պատմությանը։ Դա բացարձակապես անընդունելի է։ Նա ենթարկվում է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, և մենք պետք է հաստատակամություն ցուցաբերենք։ Հենց այդ պատճառով ես առաջարկել եմ, որ Եվրախորհրդարանը քննարկի ամբողջ իրավիճակն Ադրբեջանում պահվող այդ քաղբանտարկյալների Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին հրատապ զեկույցում», — հայտարարել է նա։
Խոսելով այն մասին, թե արդյոք ԵՄ-ն ունի մեխանիզմներ Ադրբեջանի վրա ազդելու կամ միջազգային կազմակերպությունների կողմից դատական գործընթացի անկախ մոնիտորինգ պահանջելու համար՝ պատգամավորը նշել է.
«Իհարկե, Եվրոպական խորհրդարանը կպահանջի, որպեսզի ԵՄ ինստիտուտները և արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչությունը վերահսկեն դատական գործընթացները, հաշվետվություն ներկայացնեն դատական գործընթացների մասին։ Հաջորդը, մենք կանդրադառնանք, թե որոնք պետք է լինեն մեր հաջորդ քայլերը: Եթե մենք տեսնենք, որ կա Մարդու իրավունքների կամ միջազգային պայմանագրերի խախտում կալանավորվածներին պահելու պահանջների վերաբերյալ, ապա մենք անպայման կգործենք»։