Մենք շարժվում ենք այն ուղղությամբ, որ ՀՀ-ում լինի հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Նարեկ Կարապետյան
07 Հունիսի 2026, 14:13
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իշխանությունների այն մեղադրանքներին, թե իբր նրանք «Պուտինի կողմնակից ուժ են, Ռուսաստանի մարիոնետներ»։
«Նման ձևակերպում առաջին անգամ ենք լսում։ Մենք բազմիցս ասել ենք, որ Սամվել Կարապետյանն ունի եվրոպական անձնագիր, հայկական անձնագիր և ռուսական անձնագրեր։ Այդ պատճառով շատ հարցեր առաջացան, բայց նա սկսել է օտարերկրյա քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը։ Նա բիզնեսմեն է, որը ներդրումներ է կատարում ԱՄԷ-ում, Եվրոպական միությունում, ինչպես նաև Հայաստանի հարևան երկրներում։ Այս առումով, այս հարցը ներհայաստանյան դաշտում այլևս այդ ձևով չի դրվում։ Ժողովուրդն արդեն ամեն ինչ հասկացել է, և մենք հիմա շարժվում ենք այն ուղղությամբ, որ Հայաստանում լինի հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ծրագրավորված հարկային և տնտեսական քաղաքականություն», — ասել է նա։
Ըստ նրա՝ վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի արտահանումը, օրինակ, Ֆրանսիա նվազել է 20%-ով, իսկ առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ բազմապատկվել է։
«Այս կառավարությունը չի դիվերսիֆիկացրել տնտեսական հարաբերությունները այլ երկրների հետ։ Երբ նրանք եկել են իշխանության, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմում էր 25%, հիմա՝ մոտ 65%։ Մենք առաջարկում ենք նախ դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները արևմտյան գործընկերների, Մերձավոր Արևելքի հետ։ Այս կառավարությունը ոչինչ չի արել, բացի մարքեթինգային հայտարարություններից», — եզրափակել է նա։