Մեր աշխատակիցներն ուշադիր հետևում են բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, տիրող իրավիճակին․ ԵԽ Կոնգրեսի նախագահ

29 Հոկտեմբերի 2026, 17:25

Քաղաքականություն

«Մենք հետևում ենք Հայաստանում տիրող իրավիճակին՝ կիրառելով այն նույն մեխանիզմները, որոնք օգտագործում ենք Եվրոպայի խորհրդի մյուս բոլոր անդամ պետությունների դեպքում։ Այստեղ երկակի չափանիշներ չկան»,- այս մասին Alpha News-ին հայտնել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուն Մարիտ Հելգեսենը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ դեր ունի Կոնգրեսը ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ Հայաստանում ժողովրդավարական ակնհայտ հետընթացի համատեքստում։

Մասնավորապես, անցած ամիս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ներկայացվել էր զեկույց, որում արձանագրվել էին ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում առկա խախտումներն, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները։ Ներկայումս ընդդիմության բազմաթիվ առաջնորդներ գտնվում են անազատության մեջ։

«Մենք ունենք նույն գործիքակազմը, որը կիրառում ենք Եվրոպայի խորհրդի ցանկացած այլ անդամ պետության դեպքում։ Նախևառաջ, անհրաժեշտության դեպքում, մենք ուղարկում ենք փաստահավաք առաքելություն՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար։ Բնականաբար, եթե ընտրություններ են անցկացվում, մենք խնդրում ենք մեզ հրավիրել՝ ընտրությունների ընթացքը դիտարկելու նպատակով։ Մենք գործում ենք սահմանված ընթացակարգերի համաձայն։

Եթե քաղաքապետերը կամ տեղական ինքնակառավարման մարմինների այլ ընտրված ներկայացուցիչներ հայտնվում են բանտում՝ առանց դատարանի որոշման, մենք, անշուշտ, արձագանքում ենք։ Այս հարցում մեր մոտեցումը նույնն է, ինչ, օրինակ, Թուրքիայի կամ այն մյուս երկրների դեպքում, որտեղ խախտվում է օրենքը կամ չեն կատարվում Կոնգրեսի առջև ստանձնած պարտավորությունները։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք նախատեսում ենք միջամտել և ավելի մանրամասն տեղեկություններ հավաքել տեղի ունեցողի մասին, ապա այս պահին այդ հարցը մեր օրակարգում ներառված չէ։ Այնուամենայնիվ, հենց որ ի հայտ գան մեր միջամտությունը պահանջող հանգամանքների մասին տեղեկություններ, մենք անպայման կքննարկենք այդ հարցը։

Առայժմ վերջնական որոշում չի կայացվել, քանի որ մեզ միշտ անհրաժեշտ են հավաստի տեղեկություններ՝ իրադարձությունների զարգացումն արժանահավատորեն գնահատելու համար։ Եթե այցի անհրաժեշտություն առաջանա, համապատասխան որոշում կկայացվի։ Կոնգրեսի Բյուրոյի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին։ Սակայն այս պահին ինձ տեղեկություններ չեն ներկայացվել Հայաստանի վերաբերյալ որևէ կոնկրետ միջոցառում ձեռնարկելու մասին։

Այդուհանդերձ, մեր աշխատակիցներն ուշադիր հետևում են յուրաքանչյուր երկրում տիրող իրավիճակին և իրենց աշխատանքը կատարում են մեծ պատասխանատվությամբ։ Հետևաբար, եթե որևէ գործողություն ձեռնարկելու անհրաժեշտություն առաջանա, որոշումները կընդունվեն համապատասխան մարմինների շրջանակում»,- նշել է Գուն Մարիտ Հելգեսենը։

Հիմա եթերում