Մեր դեմքին շպրտում են՝ ձեր երկրի իշխանությունը շահագրգիռ չէ ձեր վերադարձով․ Դավիթ Իշխանյան

09 Հուլիսի 2026, 14:16

Քաղաքականություն

Բաքվում ամեն կերպ փորձում են հայ գերիներին հասկացնել, որ Հայաստանի իշխանությունները շահագրգիռ չեն նրանց վերադարձով, ուստի այս պայմաններում ի՞նչ են ակնկալում միջազգային ատյաններից։ Բաքվի բանտից ընտանիքի միջոցով հղված ուղերձում ասել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։

«Ամենածանրն այն է, որ մեր երեսին ուղղակի շպրտում են այսպիսի մտքեր․ եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային ատյաններից կամ դատարաններից, ի՞նչ կարող են նրանք անել»,- նշում է Իշխանյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի վերաքննիչ դատարանում ընթացող «դատավարությանը»՝ Իշխանյանը նշում է՝ լավ գիտակցում են, որ սա ընդամենը ձևական բնույթ ունի, Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը չի փոխվելու, սակայն իրենք վերաքննիչ բողոք են ներկայացրել, որովհետև դա է դեպի միջազգային դատարան տանող ճանապարհը։ Նրա խոսքով՝ այդ մասին բացեիբաց հայտարարել են նաև դատարանում, գաղտնիք չկա։

«Որոշ պաշտպաններ արդեն մտահոգություն են հայտնում դատական կոլեգիայի նիստում, որ այսպիսի դատավարությամբ և այսպիսի փաստերով միջազգային դատարանն իրենց համար ծանր կլինի և ամոթ է, չեն ուզում այսպես գնալ միջազգային դատարան։ Դատավորը խոսում է բաց դատավարությունից, արդարությունից, արդարադատությունից, սակայն որևէ էական փոփոխություն չկա»,- ասում է Իշխանյանը։

Հիշեցնում է, որ ինքը ևս արդեն ելույթ է ունեցել վերաքննիչ դատարանում և հայտարարել՝ սա քաղաքական պատվերով իրականացվող դատավարություն է, որևէ կապ չունի քրեական հանցագործությունների հետ, զուտ էթնիկ պատկանելության և ազգային ատելության հիմքով դատավարություն է։

«Նույնիսկ ասացի՝ սա ոչ թե կարված, այլ կարկատած գործ է։ Օրինակ՝ 1993թ․ի ծնված անձին վերագրում են 1991, 1992, 1993, 1994թթ․ ռազմական գործողությունների համար կասկածանք, և իբր թե դատարանում էլ այդ ամենը ապացուցվում է, վճռի մեջ էլ արտացոլվում և կայացում վճիռ՝ 15 տարվա ազատազրկում։ Ես հայտարարել եմ, որ սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ դատ է՝ հստակ ռազմավարությամբ և հեռահար նպատակներով»,- նշում է Իշխանյանը։

Նրա խոսքով՝ արդեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ հավանաբար, Ադրբեջանի գերագույն դատարանը հայ գերիների գործերը չի ընդունի և փորձում են կանխակալ իրավիճակ ստեղծել։ Հավելում է, որ մինչև հիմա պաշտպանները չունեն ո՛չ մեղադրական ակտը, ո՛չ մեղադրական եզրակացությունը և ո՛չ էլ դատավճիռը։ Դատավորը բազմաթիվ պահանջներից հետո թույլ է տվել պաշտպաններին էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ դատավճռին, այսինքն՝ չունենալ այն ձեռքի տակ։

Խոսքի վերջում Իշխանյանը նշում է՝ իրենք հստակ իրենց քայլերն են անում և Բաքվի բանտից հորդորում է պինդ լինել։