Մեր հայ քաղաքական գործիչները վաղուց կորցրել են կապը Աստծո հետ. Ժաննա Կրիկորովա

23 Օգոստոսի 2023, 00:50

Կարծիք | Քաղաքականություն

Alpha Newsroomուղիղ եթերում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ժաննա Կրիկորովան նշել է, որ գրեթե բոլոր երեք վերջին պրեմիերաները, որոնք կայացել են Ստեփանակերտում, տեղի են ունեցել շրջափակման շրջանում:

«Թատրոնն այն տարածքն է, որտեղ ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում։ Ամենահետաքրքիր փաստն այն է, որ գործնականում վերջին երեք պրեմիերաները, որոնցով մենք հանդես եկանք Ստեփանակերտում, տեղի ունեցան շրջափակման շրջանում։ Կար մի ներկայացում, որը մենք սկսել էինք պատրաստել դեռ անցյալ տարվա սեպտեմբերին, իսկ պրեմիերան տեղի ունեցավ դեկտեմբերին։ Եվ նույնիսկ այդ ժամանակ, ծաղիկներով ծաղկեփնջերի փոխարեն, արտիստներին հանձնվեցին բանջարեղենի, ճակնդեղի և գազարի ծաղկեփնջեր:

Այնուհետև տեղի ունեցավ Եվգենի Շվարցի «Վիշապ» պիեսի հիման վրա բեմադրված մանկական թատերախմբի ներկայացումը, որում քննարկվում էին շատ արդիական թեմաներ, որոնք մոտ էին այն իրավիճակին, որում մենք այսօր բոլորս հայտնվել ենք: Դա բարդ ստեղծագործություն է և մեծահասակների թեմա, բայց երեխաները հիանալի խաղացին ներկայացումը: Եվս մեկ պրեմիերա հուլիսին էր, ցուցադրեցինք «Ամբողջ ձայնով» ներկայացումը, որը բաղկացած էր երկու մասից։ Առաջին մասը Մայակովսկու ձայնն է, նկարիչ, որը ընտրեց գաղափարին հավատարիմ մնալը՝ առանց իր մեջ բանաստեղծին սպանելու: Ներկայացման երկրորդ մասը Արցախի ձայնն էր, որը նույնպես ընտրեց գաղափարին ծառայելը և այսօր հայտնվել է անհետացման, գուցե նույնիսկ, մահվան եզրին: Ես չգիտեմ, թե ինչպես ասեմ, որ խուճապ չտարածեմ և ինչպես ասեմ, որ չափից դուրս լավատես չհնչի, բայց դա շատ բարդ ընտրություն է, որը մենք կատարել ենք։ Մենք պատասխանատու ենք մեր ընտրության համար: Եվ այս 30 տարիների ընթացքում պետք էր հասկանալ և գիտակցել, թե ինչ է կատարվում, ընդհանրապես, աշխարհում, որպեսզի, գոնե սառը գլխով մնանք։

Այս իրավիճակում աշխատելը շատ դժվար է, քանի որ գործում են երկժամյա հովհարային անջատումներ, բայց հնարավոր է մոտ ապագայում լինեն չորսժամյա անջատումներ: Երբեմն, մենք փորձեր ենք անում մոմերի լույսի ներքո: Մեր տղաներից շատերն ապրում են շատ հեռու այն վայրից, որտեղ գտնվում է մեր թատերական արհեստանոցը։ Տրանսպորտ չկա ` արդեն մի քանի ամիս է, եւ պետք է հասնել տուն լիակատար մթության մեջ, բայց գալիս են, փորձեր անում, որովհետև այդ տարածությունն ու ստեղծագործությունն օգնում են շատ բան հաղթահարել: Այսօր դա Արտ-թերապիա է և՛ դերասանների, և՛ հանդիսատեսի համար: Մարդիկ գալիս են թատրոն, մեզ մոտ մշտական անշլագ է, նրանք շնորհակալություն են հայտնում հույսի համար։

Հենց երեկ Փափազյանի անվան պետական թատրոնում տեղի ունեցավ «Գիշատիչների խրախճանքը» ներկայացման պրեմիերան, որքան ես գիտեմ, այն Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով է։ Մենք վաղը գնալու ենք այդ ներկայացմանը, և ես կարծում եմ, որ լիքը դահլիճ կլինի, իսկ դա խոսում է այն մասին, որ մենք, իսկապես, ուզում ենք ապրել, մենք փորձում ենք ապրել, այլ ոչ թե հացի հերթերում գոյատևել»։

Մեկնաբանելով հայ քաղաքական թատրոնի ներկա վիճակը՝ Ժաննա Կրիկորովան նշել է, որ երբեք իր ներկայացման մեջ դեր չէր առաջարկի հայ քաղաքական գործիչներին:

«Ո՛չ մի դեպքում։ Թատրոնը ընտանիք է, դերասանական ընտանիք, որտեղ ամեն ինչ կառուցված է սիրո և փոխադարձ հարգանքի վրա, և շատ կարևոր է այն մթնոլորտը, որում մենք ստեղծագործում ենք։ Ստեղծագործությունը կապ է Աստծո հետ: Ես համարձակություն կվերցնեմ և կասեմ, որ մեր հայ քաղաքական գործիչներից շատերը վաղուց կորցրել են այդ կապն Աստծո հետ, և թատրոնում նրանք տեղ չունեն», — ընդգծել է Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ժաննա Կրիկորովան։