Մեր հայրենիքը ավերված է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, և այս ավերածությունների պատասխանատուները այս շենքում են․ Բագրատ Սրբազան

10 Մայիսի 2024, 19:42

Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը դիմել է ՀՀ կառավարության շենքը շրջափակած ոստիկաններին.

«Տղե՛րք, էստեղ կանգնել եք վահաններով ծածկված, ո՞ւմ եք պաշտպանում։ Այդ «մարդը», այն վախկոտը, որ թաքնվում է ձեր մեջքի հետևում։ Ումի՞ց եք պաշտպանում, այն մարդկանցից, ում նա խաբեց ու եկավ իշխանության։ Դուք պաշտպանում եք մեր ու ձեր հայրենիքը գրաված ստախոսներին։ Մեր հայրենիքը ավերված է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, և այս ավերածությունների պատասխանատուները այս շենքում են։ Նրանք մեր կյանքը վերածել են ստի ու ատելության շարունակական հոսքի։ Մեր կռիվը ստի ու ճշմարտության կռիվ է, ի՞նչ եք անում այնտեղ, տղե՛րք»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում մեկնարկել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Իսկ այսօր առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ են սկսել դեպի տարբեր բուհեր։ Բազմաթիվ ուսանողներ ևս միացել են շարժմանը։

Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Նա նաև հայտնել է, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։

Հիմա եթերում