Մեր ջանքերի շնորհիվ կզարգանա ՀՀ-ի և Վրաստանի գործակցությունը․ Փաշինյանը շնորհավորել է Կոբախիձեին

27 Հոկտեմբերի 2024, 13:26

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:
Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության առաջիկա տարիների ընթացքում և մեր համատեղ ջանքերի շնորհիվ անշեղորեն կզարգանա ու կընդլայնվի Հայաստանի և Վրաստանի փոխգործակցությունը։
Մեր երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը շոշափելի հնարավորություններ է ստեղծում ընդհանուր մարտահրավերներին համատեղ դիմակայելու և մեր տարածաշրջանն ավելի կայուն, անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։

Օգտվելով առիթից, Ձե´րդ գերազանցություն, մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք, իսկ Վրաստանի եղբայրական ժողովրդին՝ անշեղ զարգացում և կայուն առաջընթաց»: