Մեղադրանքն ու դատախազության փաստարկները չեն հիմնավորում կալանքի անհրաժեշտությունը․ Աննա Գրիգորյան
20 Հոկտեմբերի 2026, 18:45
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, ի սկզբանե կալանավորելու անհրաժեշտություն չի եղել։ Ավելին՝ Սեդրակ Քոչարյանի կալանավորումը, մեծ հաշվով, մեկ նպատակ է հետապնդել՝ ճնշում գործադրել նախագահի և նրա հետագա քաղաքական գործունեության վրա։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ըստ պատգամավորի՝ առաջադրված մեղադրանքն ու դատախազության ներկայացրած փաստարկները որևէ կերպ չեն հիմնավորում նման խիստ խափանման միջոցի կիրառումը։
«Փորձել են «կարել» սովորական տնտեսական հանցագործություն, բայց նույնիսկ այդ պարագայում կալանքի կիրառումն անհասկանալի է, առավել ևս՝ հաշվի առնելով, որ խոսքը վաղեմության ժամկետն անցած գործերի մասին է։
Կալանքը, որպես խափանման միջոց, կիրառվում է քննությանը չխոչընդոտելու համար։ Որևէ մեկը կարո՞ղ է հստակ բացատրել, թե ինչպես էր Ռոբերտ Քոչարյանը խոչընդոտելու գործի ընթացքին։ Նա փաստացի իրականացրել է իր սահմանադրական պարտականությունները՝ վավերացնելով Կառավարության որոշումը։ Հիմա ի՞նչ պետք է աներ՝ գնար այդ որոշումը պատռե՞ր, թե՞ երկրից դուրս գար»,- նշել է Աննա Գրիգորյանը։