Մեղրիի համայնքապետը կալանավորվել է․ նոր մանրամասներ՝ գործից
10 Սեպտեմբերի 2026, 11:45
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդերասյանը կալանավորվել է։ Sputnik Արմենիա-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հայտնել են կոմիտեից։
Համայնքապետից բացի այլ անձինք ևս անցնում են նույն գործով։ Կոմիտեից տեղեկացնում են, որ նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը։
Սեպտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։ Կոմիտեից նաև հայտնել էին, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը։
Հիշեցնենք, որ Խաչատուր Անդրեասյանը Մեղրիի համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մայիսի 30-ից: Անդրեասյանը Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության անդամ է: