«Մեզ երկու ժամ տվեցին, ասացին՝ հավաքվեք, որ դուրս գաք»․ Արցախից բռնի տեղահանված
03 Հոկտեմբերի 2023, 23:35
Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղից բռնի տեղահանված 50-ամյա Կարինե Սարգսյանը՝ ամուսնու, 15-ամյա որդու եւ սկեսուրի հետ մի քանի օր է՝ հանգրվանել են Երեւանի իրենց ազգակցի բնակարանում։ Այդտեղ եւս մի քանի օր կմնան՝ մինչեւ սկսեն մշտական կեցավայր փնտրել։
«Գորիսում մեզ առաջարկեցին գնալ Կապան կամ Մեղրի։ Մենք էն հոգեվիճակում չէինք, որ նորից գնայինք սահման։ Հիմա մեր բարեկամի տանն ենք, բայց պետք է գնանք Փարաքար, որ նորից հաշվառման գործընթաց սկսվի, հասկանանք՝ մեզ որտեղ են տեղավորում։ Նորից պետք է զրոյից սկսենք, քաղաքում չենք պատկերացնում մեր կյանքը, եռուզեռը շատ է, դժվար է հարմարվելը, մենք հանգիստ մթնոլորտին ենք սովոր»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է տիկին Կարինեն։
Կարինե Սարգսյանը Արցախի մեկ այլ բնակավայրից էր հարս գնացել Քերթ գյուղ, այդտեղ ապրում էր արդեն 30 տարի, սեպտեմբերի 19-ի՝ Ադրբեջանի հարձակումից օրեր անց ստիպված լքեցին իրենց տունը։
«Տնից-տեղից կտրվեցինք։ Մեզ երկու ժամ տվեցին, ասացին՝ հավաքվեք, որ դուրս գաք։ Քրոջս ընտանիքի հետ միասին շարժվեցինք դեպի Հայաստան, երեք օր ճանապարհ եկանք, մթնոլորտը ծանր, դժվար էր։ Ամեն ինչ թողեցինք այնտեղ»,- արտասուքն աչքերին նշում է տիկին Կարինեն։