Մեզ կարողացավ վախեցնել ամենավախկոտը․ Դավիթ Սահակյանց

20 Սեպտեմբերի 2024, 22:45

Կարծիք | Քաղաքականություն

Հասարակությունը չի ընկալում մի պարզ բան, որ մեզ պատերազմով վախեցնողը ինքն է բերում պատերազմ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։

«Արցախ վերադարձ լինելու է, բայց վերադարձը միայն Արցախի մասով չէ, որ պետք է լինի։ Բանը նրանում է, որ մենք կուռ համոզմունք ունենք՝ պետք է վերադառնանք այն վայրեր, որ պատմականորեն մեզ է պատկանում։ Հենց այդ գաղափարին հավատալով էլ ազատագրվեց Արցախը։

Պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ Արցախում հայ չապրի։ Նույնիսկ դա հաշվի առնելով՝ կարծում եմ, որ պետք է պարտադիր լինի ռևանշ ու վերադարձ։ Դա հենց պատմական արդարությունն է, որ պետք է վերականգնել։ Արցախ վերադարձ չլինելը բոլոր կանոններին դեմ է՝ մարդկային, աստվածային»,- ասել է մեր զրուցակիցը։

Սահակյանցի համոզմամբ՝ միայն իշխանություններին հեռացնելը բավարար չէ հաջողության հասնելու համար։

«Գլոբալ աշխատանք պետք է տարվի, միմիայն այս իշխանություններին վռնդելով մենք շատ հարցեր չենք լուծելու։ Դրանով հիմք ենք դնելու ամենագլխավոր պրոցեսների»,- նկատել է մեր զրուցակիցը։

Դավիթ Սահակյանցը ակտիվ մասնակից է եղել Սրբազան պայքարի։ Նա հավատում է, որ նման պրոցեսների շնորհիվ հնարավոր կլինի ելք գտնել այս դժվարին իրավիճակից։

«Ես այն մարդկանցից եմ, որ մասնակիցն է ցանկացած պրոցեսի, որ կատարվում է Հայաստանում։ Ես աջակցել եմ Սրբազան շարժմանը և ոչ միայն։ 2018թ-ից այս կողմ եվրոպական տարբեր քաղաքներում էլ եմ մասնակցել ակցիաների։ Ու Սրբազան պայքարին մասնակցելը դրա բնական շարունակությունն էր»,- ասել է Դավիթ Սահակյանցը։

Նա ընդգծել է՝ պատերազմի մասին է խոսում իշխանությունը, բայց միայն նրանց չլինելու դեպքում հենց այդ պատերազմը չի լինի։

«Մեզ կարողացավ վախեցնել ամենավախկոտը։ Նա անընդհատ սեղմում է այն կոճակը, թե պատեերազմ կլինի։ Հասարակությունը չի ընկալում մի պարզ բան․ մեզ պատերազմով վախեցնողը ինքն է բերում պատերազմ։ Մի պարագայում չի լինի պատերազմ, որի մասին խոսում է այս իշխանությունը․ երբ չլինի հենց այս իշխանությունը»,- եզրափակել է Դավիթ Սահակյանցը։

Հիմա եթերում