Մեզ լրջորեն մտահոգում է Հայաստանի եվրաինտեգրման ձգտումը․ Օվերչուկ

05 Հունիսի 2026, 11:18

Քաղաքականություն

ԵԱՏՄ անդամ Հայաստանի եվրաինտեգրման ձգտման հետ կապված իրավիճակը աշխատանքային բնույթի հարց է, և դրան պետք է մոտենալ գործնական կերպով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի իրավական դաշտն այսօր չի նախատեսում որևէ անդամ պետության բացառման կամ նրա մասնակցության կասեցման մեխանիզմ։

«Սա այն հարցն է, որը պետք է ուսումնասիրվի իրավական տեսանկյունից, քանի որ այսօր բախվել ենք որոշակի իրավական կոլիզիայի, և այն պետք է քննարկվի։ Դրան պետք է հանգիստ վերաբերվել և հանգիստ աշխատել։ Կարծում եմ՝ այդ աշխատանքին կմասնակցեն նաև հայերը, որովհետև որպես ԵԱՏՄ անդամ՝ նրանք նույնպես հասկանում են, որ միության իրավական համակարգում կան որոշ բացեր, որոնք պետք է լրացվեն։ Սա բնական աշխատանքային գործընթաց է»,- նշել է Օվերչուկը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվայում մտահոգությամբ են հետևում Հայաստանի եվրոպական ուղղությամբ շարժմանը։

«Սակայն կրկին պետք է նշել, որ մեզ շատ է մտահոգում այդ եվրաինտեգրացիոն ձգտումը, որը, մեր գնահատմամբ, կարող է լուրջ վնաս հասցնել թե՛ Հայաստանին, թե՛ Եվրասիական տնտեսական միությանը, թե՛ մեր երկրների բիզնեսին, որոնք այժմ գտնվում են անորոշության մեջ և չեն հասկանում, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն։ Ահա հենց սա է հիմնական հարցը։ Սա աշխատանքային իրավիճակ է, և դրան պետք է մոտենալ գործնականորեն»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։