Մի՛ լռեք, պաշտպանե՛ք Հայ Առաքելական եկեղեցին․ «Լազարյան ակումբ»
11 Օգոստոսի 2026, 11:43
2026 թվականի օգոստոսի 7-ին Սոչիում կայացած ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» խորհրդի ընդլայնված նիստում քննարկել են հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծված ներքին իրավիճակի ֆոնին ռուս-հայկական հարաբերությունների հետագա հարցերը:
«Մեր խորը մտահոգությունն ենք հայտնում այն քաղաքական, ռազմական և տնտեսական կապերի աստիճանական քայքայման առնչությամբ, որը տեղի է ունենում մեր աչքի առաջ և արդեն իսկ վտանգում է ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր պատմական հարաբերությունների հիմքերը։
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ «Լազարյան ակումբը» բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ նախազգուշացնելով, որ անարդար, հակաժողովրդավարական ընտրությունները՝ ներքաղաքական ճնշումների, ահաբեկման և սպառնալիքների պայմաններում, չեն հանգեցնի հայկական հասարակության համախմբմանը և չեն ապահովի այն ճգնաժամից ու ձախողումներից դուրս գալը, որոնց մեջ Հայաստանն, ըստ մեզ, հասցրել է Նիկոլ Փաշինյանը։ Այդպես էլ եղավ։ Մենք չենք հավատում այս ընտրությունների պաշտոնական արդյունքներին և ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում մեղավորի վերանշանակումը համարում ենք իշխանության բացահայտ յուրացում։ Եվ միայն ՀՀ-ի քաղաքացիները պետք է որոշեն, թե ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։
Օգոստոսի 7-ին՝ մեր նիստի օրը Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդը կեղծ մեղադրանքով ստիպված էր ներկայանալ քրեական դատարան։ Այս խայտառակությունը հավերժ կմնա այն իշխանությունների վրա, որոնք դիմել են Սուրբ Էջմիածինը վարկաբեկելու նման մեթոդների։
«Լազարյան ակումբի» խորհուրդը դիմում է աշխարհի բոլոր հայերին և ՀՀ-ի բարեկամներին՝ կոչ անելով դատապարտել ՀՀ-ում քրիստոնեական հավատքի և նրա առաջնորդների նկատմամբ իրականացվող աննախադեպ հետապնդումները, որոնք անընդունելի են քաղաքակիրթ աշխարհում։
Մենք դիմում ենք քրիստոնեական աշխարհի առաջնորդներին՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և Հռոմի պապ Լևոն 14-ին․ մի՛ լռեք։ Պաշտպանե՛ք Հայ Առաքելական եկեղեցին և ՀՀ-ի բոլոր քրիստոնյաներին», — ասված է հայտարարության մեջ։