Միավորված ենք ընդհանուր շահերով. Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
04 Հուլիսի 2026, 11:45
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը նշել է, որ Անկախության օրը խորհրդանշում է Միացյալ Նահանգների ժողովրդի հզոր ոգին և տոկունությունը, որոնց շնորհիվ է, որ միջազգային արդի հարաբերություններում և համաշխարհային կարևոր գործընթացներում ԱՄՆ–ն ունի առանցքային դերակատարություն։
«Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ՝ ուղղված խաղաղության, կայունության և բարեկեցության ամրապնդմանը։ Այս համատեքստում պատեհ եմ համարում ընդգծել Ձեր հաստատակամ առաջնորդության կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործում»,– հավելել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որի իրականացման ուղղությամբ մեր երկու երկրների աշխատանքը թևակոխում է գործնական հարթություն, վստահաբար լինելու է այդ խաղաղության կարևոր գրավականը և ճանապարհ է հարթելու դեպի առավել խաղաղ, փոխկապակցված և բարեկեցիկ տարածաշրջան։ Փաշինյանն անդրադարձել է նաև Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդին և դրան որպես հիմնադիր անդամ Հայաստանի անդամակցությանը` հավելելով, որ դա հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ և ԱՄՆ ընդհանուր տեսլականի ևս մեկ ապացույց է:
«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված համապարփակ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նոր ոլորտներ։ Վստահ եմ, որ մեր համատեղ օրակարգի հետևողական իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»,– եզրափակել է ՀՀ վարչապետը։
ՀՀ վարչապետը շնորհավորել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին` ջերմորեն հիշելով այս տարվա փետրվարին Հայաստան կատարած նրա այցը, որը, ըստ Փաշինյանի, կարևոր նշանակություն ունեցավ երկու երկրների միջև ձևավորված գործընկերության հետագա խորացման և ամրապնդման համար։