Միայն արևային էներգիայի վրա հենվելը կարող է էներգետիկ աղետի բերել. Արմեն Մանվելյան

Չնայած Հայաստանը մեծ էներգետիկ ռեսուրսներ չունի, տարիներ շարունակ կարողացել է համեմատաբար գրագետ կառավարել իր էներգետիկ համակարգը՝ հիմնվելով երեք հիմնական ուղղությունների վրա։ Alpha News-ի հետ զրույցում ասել է Էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը։

Նրա խոսքով՝ առաջին կարևոր բաղադրիչն էժան գազն է․ «Տարածաշրջանում ամենաէժան գազը մենք ենք ներմուծում: Երկրորդ ուղղությունը հիդրոէներգետիկան է, որը կազմում է երկրի արտադրական հզորությունների մոտ 30-40 տոկոսը։ Իսկ ամենախոշոր դերակատարը ատոմային էներգետիկան է»,- ասել է Մանվելյանը:

Փորձագետը նշել է, որ Հայաստանում արևային էներգիայի զարգացման ռազմավարությունը ընդունվել է դեռևս 2010 թվականին, սակայն դրա իրականացումն, ըստ նրա, ընթանում է անկանոն ձևով։

«Հիմա արևային էներգիան զարգանում է, բայց շատ քաոտիկ։ Կարգավորված ռազմավարություն, հատուկ քաղաքականություն չկա»,- ասել է նա։

Մանվելյանի դիտարկմամբ՝ արևային համակարգերի տարածումը հիմնականում պայմանավորված է քաղաքացիների կենցաղային շահավետությամբ․ շատերը փորձում են իրենց տների տանիքներին արևային վահանակներ տեղադրել՝ ծախսերը նվազեցնելու նպատակով։ Մինչդեռ, ըստ նրա, այդ գործընթացը իշխանությունները փորձում են ներկայացնել որպես սեփական քաղաքականության արդյունք։