Միջազգային ճնշումը կարող է նպաստել հայ գերիների շուտափույթ ազատ արձակմանը. Սոնա Լախոյան Օլիվիե
22 Հուլիսի 2026, 18:30
Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցով նման քննարկման կազմակերպումը շատ կարևոր է։ Այն ցույց է տալիս, որ հայ գերիների հարցը չի մոռացվել և շարունակելու է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Alpha News-ի հետ զրույցում ասել է Կանադայի Քվեբեկ նահանգի խորհրդարանի պատգամավոր Սոնա Լախոյան Օլիվիեն։
Նրա խոսքով՝ ինքը դրական է գնահատում այս նախաձեռնությունը, քանի որ տարբեր երկրների խորհրդարանները, կառավարություններն ու միջազգային կազմակերպությունները շարունակելու են բարձրաձայնել հայ գերիների հարցը՝ միջազգային ուշադրությունը կենտրոնացնելով այդ խնդրի վրա։
«Ամեն անգամ, երբ խոսում ենք մեր գերիների մասին, պետք է հիշենք, որ նրանք ընտանիքներ ունեն, որոնք ամեն օր սպասում են իրենց հարազատների վերադարձին։ Մարդու իրավունքները երբեք չպետք է դառնան քաղաքական հաշվարկների զոհ»,- ընդգծել է Լախոյան Օլիվիեն՝ հույս հայտնելով, որ միջազգային ջանքերը կհանգեցնեն հայ գերիների շուտափույթ ազատ արձակման և անվտանգ վերադարձին։
Անդրադառնալով Կանադայի հայկական համայնքի գործունեությանը՝ նա նշել է, որ այն շարունակում է ակտիվ աշխատանք տանել, որպեսզի հայ գերիների հարցը մնա Կանադայի կառավարության և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Լախոյան Օլիվիեի խոսքով՝ այս ուղղությամբ առանցքային դեր ունի Կանադայի Հայ դատի հանձնախումբը, որը տարիներ շարունակ աշխատում է Կանադայի իշխանությունների հետ՝ բարձրաձայնելով հայ գերիների ազատարձակման, Արցախի հայության իրավունքների պաշտպանության և Հայաստանի անվտանգության հարցերը։