Միջազգային գիտաժողովն ամբողջ աշխարհից Երևանում է հավաքել աստղագետների և աստղաֆիզիկոսների
13 Հունիսի 2023, 08:10
Երևանում հունիսի 12-ին մեկնարկել է Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը։ Գիտաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, շուրջ 100 գիտնականներ Իտալիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Անգլիայից, Հնդկաստանից, Իրանից, Չեխիայից, Բելառուսից։
Ներկաներին ողջունել է ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը։
«Այս տարվա հանդիպումն առանձնահատուկ նշանակություն ունի։ Գիտաժողովին մասնակցում են նշանավոր գիտնականներ, ովքեր կներկայացնեն գործող առաջատար դիտակներով և արբանյակներով ստացված վերջին արդյունքները: Հատկապես ուրախ ենք այս տարի կազմակերպել գիտաժողովը, քանի որ այն համընկնում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի հետ:
Անցած 80 տարիների ընթացքում մեր ակադեմիան խթանել և իրականացրել է հիմնարար և կիրառական հետազոտություններ տարբեր գիտական ուղղություններով», — ասել է Նարեկ Սահակյանը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է՝ Հայաստանը պատմականորեն հարուստ է գիտական նվաճումներով ու հայտնագործություններով՝ հատկապես աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտներում: Նա կարևորել է հայաստանյան գիտական հաստատությունների մասնակցությունը նմանատիպ ծրագրերին, ընդգծել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դերն այդ հարցում:
«Կցանկանայի գործընկերության կոչ անել այն մարդկանց, որոնք այսօր այցելել են Հայաստան, որովհետև ակնհայտ է` հակառակ պարագայում երկիրը միայնակ չի կարող հասնել մեծ հաջողությունների: Մենք պետք է միավորենք ջանքերը, որպեսզի գիտության նորագույն ձեռքբերումներն առավել արդյունավետ ծառայեցվեն մարդկությանը»,- ասել է Հակոբ Արշակյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը կարևորել է ԻԿՐԱՆԵՏ-ի՝ որպես միջազգային համագործակցության կարևոր հարթակի դերը։ Նա նշել է, որ այս հեղինակավոր միջազգային գիտաժողովի անցկացումը կարևոր քայլ է աստղաֆիզիկայի ոլորտի զարգացման համար ոչ միայն Հայաստանում, այլ նաև մասնակից բոլոր երկրներում։
ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրեն Ռեմո Ռուֆֆինին ռուս գիտնական, աստղաֆիզիկոս Մարատ Գլիֆանովին հանձնեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի համար նախատեսված Մարսել Գրոսմանի անվան մրցանակը: Այս մրցանակը շնորհվել է Spektr-RG/eROSITA ռենտգենյան տիրույթի արբանյակը պատրաստելու և շահագործելու համար։
Գիտնականները գիտաժողովի ընթացքում կներկայացնեն զեկուցումներ ժամանակակից աստղաֆիզիկայի ամենաարդիական ուղղությունների վերաբերյալ։ Նաև կներկայացվեն խոշորամասշտաբ գիտափորձերի վերջին արդյունքները` «James Webb Space Telescope», «eROSITA», «Five-hundred-meter Aperture Spherical radio Telescope», «MAGIC», «CTA», «IceCube», «IXPE», «LHAASO», «HXMT» և այլն։
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը։