Մինաս Ավետիսյանի կտավը՝ «21-րդ դար. Ժամանակակից ռուսական արվեստ» աճուրդի թոփ լոտ
19 Փետրվարի 2025, 10:14

Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963 թ.) կտավը նախորդ շաբաթ աճուրդում վաճառվել է 3 մլն 363 հազար ռուբլով: Կտավը դարձել է AI № 567 աճուրդի և «21-րդ դար. Ժամանակակից ռուսական արվեստ» 248-րդ կուրատորական աճուրդի թոփ լոտը:
Մինաս Ավետիսյանը հայ նշանավոր գեղանկարիչ է, հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Նա աչքի էր ընկնում իր ստեղծագործության նկատմամբ բարձր պահանջկոտությամբ. նրա առաջին նկարներից շատերը չեն հայտնվել ցուցահանդեսներում, քանի որ նկարիչը կարծում էր, որ դրանք բավականաչափ լավը չեն և նույնիսկ իր կարիերայի սկզբում չէր ստորագրում դրանք: Իր հայտնիության շրջանում վարպետները նրան հայկական «Մատիս» էին անվանում՝ գեղանկարչության ձևի նմանության պատճառով։
Հայաստանում պահպանվել և վերականգնվել են Մինաս Ավետիսյանի հիասքանչ որմնանկարները, որոնք կարելի է տեսնել Զվարթնոցում, ՀՀ կառավարության շենքում և Գյումրիում:
Իր ողջ կյանքի ընթացքում Մինասը սիրել է մի կնոջ՝ Գայանե Ավետիսյանին։ Ավետիսյանը նրան ամուսնության առաջարկություն է արել ծանոթությունից ընդամենը կես ժամ անց: Ընտանիքում ծնվել է երկու որդի: Որդիներից մեկը՝ Նարեկ Ավետիսյանը դարձել է տաղանդավոր նկարիչ, իսկ երկրորդ որդին՝ Արմանը, ղեկավարում է հայրենի Ջաջուռում հոր տուն-թանգարանը։