Մինչև արցախցիների խնդիրները չլուծվեն՝ տուն չեմ գնա. Անաստաս Իսրայելյանը ԱԺ-ի մոտ անժամկետ նստացույց է սկսում
07 Հոկտեմբերի 2026, 21:42
Վաղը՝ ժամը 11:00-ից ՀՀ Ազգային ժողովի դիմաց նստացույց եմ սկսելու. մինչև արցախցիների խնդիրները չլուծվեն՝ տուն չեմ գնա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ նշելով, որ նստացույցը սեպտեմբերի 17-ին ԱԺ-ի մոտ անցացված ակցիայի ժամանակ տրված խոստումները չկատարելու պատճառով է։
«Ակցիայի ժամանակ 3 խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո առաջարկել էին, որ գրավոր ներկայացնենք մեր պահանջները, որից հետո լսումներ կկազմակերպվեին։ Մենք մեր պահանջները գրավոր՝ նամակի տեսքով ներկայացրել էինք։ Բայց արդեն 3-րդ շաբաթն է, ոչ մի լուր չկա։ Հեռախոսազանգերի չեն պատասխանում, կամ հստակ բան չեն ասում։ Միայն «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրեց ինձ, որ հաշվի առնելով վերջերս իրենց խմբակցության նախաձեռնած նմանատիպ լսումները, ապա ճիշտ կլինի, որ մյուս 2 խմբակցություներն այս անգամ կազմակերպեն, որին «Հայաստան» խմբակցությունը անպայման կմասնակցի»,- պարզաբանեց նա։
Ա. Իսրայելյանը նշեց, որ պահանջները նույն են՝ հստակ կարգավիճակ, սոցիալական երկարաժամկետ ծրագրեր և բնակապահովման ծրագրի վերանայում՝ հաշվի առնելով թանկացումները։
«Շատ մարդիկ են արձագանքել իմ որոշմանը և վաղը՝ ԱԺ-ի մոտ կմիանան ինձ։ Մենք շարժվելու ենք մեր օրակարգով՝ մեր պայմանավորվածության համաձայն։ Ոչինչ չենք փոխելու, մանավանդ որ ամեն ինչ հստակ ձևակերպված փոխանցել ենք նրանց և այնպես չէ գնալու ենք հանդիպման սադրանքների, թիրախավորելու կամ այլ հարցեր քննարկելու։ Մենք ուզում ենք գնալ հստակ օրակարգով, խոսելու ենք արցախցիների օրհասական խնդիրների մասին։ Եթե արձագանք չեղավ՝ երկար ենք մնալու ԱԺ-ի մոտ։ Շուտով ձմեռ է, այս խնդիրները պետք է լուծում ստանան օր առաջ»,- ասաց ՀԿ նախագահը և շեշտեց, որ ստիպված է գնում նման քայլերի