Մինսկում մեկնարկել է Եվրասիական տնտեսական 4-րդ համաժողովը
26 Հունիսի 2025, 12:42

Մինսկի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում հունիսի 26-ին մեկնարկել է 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը, որի գլխավոր թեման է՝ «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարությունը. արդյունքներ և հեռանկարներ»: Միջոցառումը համընկնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ղեկավարների մասնակցությամբ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի հետ։
Համաժողովի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Բելառուսի Հանրապետության վարչապետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Ալեքսանդր Տուրչինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը:
«Տարեցտարի համաժողովը դառնում է նշանակալի միջազգային հարթակ բիզնես համայնքի և Եվրասիական տնտեսական միության երկրների իշխանության մարմինների միջև բաց երկխոսության համար», — բացման ժամանակ ընդգծել է Սագինտաևը:
ԵՏՀ-2025 գործարար ծրագիրը ներառում է լիագումար նիստ՝ ԵԱՏՄ պետությունների ղեկավարների և միջազգային պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև ավելի քան երեսուն թեմատիկ միջոցառումներ: Համաժողովի բիզնես ծրագրին կմասնակցեն պետական մարմինների, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ավելի քան 2700 ներկայացուցիչներ:
Նախատեսվում է, որ բացի ԵԱՏՄ անդամ երկրներից, համաժողովին կմասնակցեն 26 երկրների ներկայացուցիչներ՝ Հնդկաստան, Մոնղոլիա, Մյանմա, Չինաստան, Եգիպտոս, Ուզբեկստան, Կուբա, ԱՄԷ, Պակիստան, Իրան, Իտալիա, Ադրբեջան և այլն:
Հիշեցնենք, որ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի տեղեկատվական գործընկերներից է Alpha News-ը: