Միքայել Պարսեղով. Հաղթանակի գեներալը

27 Ապրիլի 2025, 22:00

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Խորհրդային զորահրամանատար, հրետանու գեներալ-գնդապետ, Խորհրդային Միության հերոս Միքայել Պարսեղովը(Միքայել Բարսեղյան) ծնվել է 1899 թվականին Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։ 12 տարեկանում կորցնելով ծնողներին՝ հայտնվում է ծանր իրավիճակում։ Վաղ տարիքում Միքայելը մեկնում է աշխատելու Միջին Ասիա։ Այնտեղ երկար ժամանակ աշխատում է Աշխաբադի բամբակազտիչ գործարաններում և փայտեղենի պահեստներում։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես երիտասարդ Պարսեղովը հայտնվել է Կովկասյան ճակատում, որտեղ նրա քաջությունն ու նվիրվածությունը աննկատ չմնացին։ Այնուհետև սկսվել է քաղաքացիական պատերազմը, և Պարսեղովը կամավոր միացել էԿարմիր բանակին՝ վճռականորեն ընտրելով հեղափոխության կողմը։ Նրա ռազմական կարիերան նշանավորվեց բասմաչիների դեմ կռվելով, ամրոցներ պաշտպանելով և մարտկոցի հրամանատար լինելով։

Ոսկե մեդալով ավարտելով Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան՝ Պարսեղովը ցույց է տվել ոչ միայն մարտավարության ակնառու ունակություններ, այլև հազվագյուտ ռազմավարական խորաթափանցություն: Այս բոլոր հատկանիշները նրան դարձրել են հրետանային ստորաբաժանումների անփոխարինելի հրամանատար։

Խորհրդա-ֆիննական պատերազմի ընթացքում Միքայել Պարսեղովը ղեկավարել է 7-րդ բանակի հրետանին՝ ցույց տալով կազմակերպչի ակնառու տաղանդը: «Մաներհայմի գծի» հաջող ճեղքումից հետո նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչում:

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուն պես Պարսեղովը ստանձնել է Հարավ-Արևմտյան ռազմաճակատի հրետանային հզորության պատասխանատվությունը։ 1941 թվականի դեկտեմբերի 24-ից նա եղել է Հարավ-արևմտյան ուղղության հրետանու գլխավոր հրամանատարի տեղակալը: Գեներալ-լեյտենանտի ղեկավարած հրետանային գնդերը կարողացել էին մոտ երկու ամիս զսպել հակառակորդի առաջխաղացումը Կիևի ուղղությամբ:Հետագայում նա ղեկավարել է 40-րդ բանակը, պաշտպանել խորհրդային դիրքերը, մասնակցել հիմնական գործողություններին, որոնք փոխել են պատերազմի ընթացքը:

Երբ սկսվեց պատերազմը ճապոնիայի դեմ՝ 1945 թվականի օգոստոսի 9-ից սեպտեմբերի 2-ը, Հեռավոր-արևելյան 2-րդ ռազմաճակատի հրետանավորները Պարսեղովի ղեկավարությամբ կարողացան լուծել իրենց առաջ դրված դժվարին խնդիրը

Պատերազմից հետո Միքայել Պարսեղովը շարունակել է ծառայությունը՝ ղեկավարելով տարբեր ռազմական շրջանների հրետանին։ Նա դաստիարակել է ռազմական մասնագետների՝ նրանց փոխանցելով իր անգնահատելի փորձը: 1958 թվականի փետրվարի 18-ին Միքայել Պարսեղովը դարձել է հրետանու գեներալ-գնդապետ, իսկ ավելի ուշ՝ ռազմական հրետանային ակադեմիայի դասախոս։

Միքայել Պարսեղովը կյանքից հեռացել է 1964 թվականի ապրիլի 26-ին: