«Միր» քարտերից Հայաստանի հրաժարումը կհարվածի հենց երկրին և նրա բնակիչներին. Պետդումայի պատգամավոր

Հայաստանի բանկերի՝ ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործառնությունները դադարեցնելու որոշումը լուրջ հետևանքներ կունենա առաջին հերթին հենց Հայաստանի և նրա բնակիչների համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Անատոլի Ակսակովը։

Պատգամավորի խոսքով՝ բացասական հետևանքներն ավելի շատ կազդեն Հայաստանի վրա։

«Այդ երկրի շատ քաղաքացիներ, ինչպես նաև Հայաստանում «Միր»-ի քարտերից հաճախ օգտվող Ռուսաստանի քաղաքացիներն անբարենպաստ վիճակում են հայտնվելու։ Ռուսաստանի կողմից ազդեցությունը կլինի այն, որ այդ համակարգի միջոցով վճարումներն ու գործարքներն անհնար կդառնան», — նշել Է Անատոլի Ակսակովը։

Նա նաև ընդգծել է՝ վերջերս Ռուսաստանում օրենք են ընդունել, որը թույլ է տալիս թվային ֆինանսական ակտիվներն օգտագործել Միջազգային հաշվարկների համար, և Հայաստանին առաջարկել է դիտարկել անցումը թվային ռուբլու: