Միրզոյանը ՌԴ կատարած այցը լավ հնարավորություն է համարել երկկողմ համագործակցությունը քննարկելու համար

21 Հունվարի 2025, 14:20

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ՌԴ կատարած իր այցը լավ հնարավորություն է համարել երկկողմ համագործակցությունը քննարկելու համար:

«Ես կարծում եմ, որ իմ այցը բավականին արդիական է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի հետ կապված։ Վերջին անգամ նման ձևաչափով հանդիպել ենք 2023 թվականի հուլիսին։ Կարծում եմ, որ այս այցը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության հարցերի քննարկման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում իրականացնելու համար: Ես կցանկանայի նշել, որ Հայաստանը շահագրգռված է արդյունավետ քաղաքական երկխոսությունը շարունակելու հարցում` ուղղված մեր երկկողմ հարաբերություններին և ընդհանրապես տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի քննարկմանը», — հայտարարել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին: «Եվ մենք հուսով ենք, որ հետագայում ևս ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, որոնք, ցավոք, մենք տեսել ենք վերջին շրջանում, վերջին օրերին։ Ես հույս ունեմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխադարձ ըմբռնմանը», — հայտարարել է նա։