Միշել Տեր-Զաքարյան. Ֆրանսիական ֆուտբոլի հայազգի մարզիչը

18 Փետրվարի 2025, 23:56

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Փետրվարի 18-ը ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Միշել (Միքայել) Տեր-Զաքարյանի ծննդյան օրն է:

Տեր-Զաքարյանը ծնվել է Երևանում, սակայն մանուկ հասակում տեղափոխվել է Ֆրանսիա։ Միշելի հայրը ծնվել է Կոստանդնուպոլսում (ներկայիս Ստամբուլ), նրա ընտանիքը փրկվել է Հայոց ցեղասպանությունից և տեղափոխվել Մարսել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Միշելի հայրը որոշել է վերադառնալ Խորհրդային Հայաստան, որտեղ ծանոթացել է ապագա կնոջ հետ՝ Հայաստանում մեծացած հույն կնոջը։ 1965 թվականին Տեր-Զաքարյանների ընտանիքը վերադարձել է Ֆրանսիա՝ հաստատվելով Մարսելում։

Մայրը Միշելին հաճախ էր պատմում Հայաստանի մասին և նույնիսկ հասցնում էր նրան սովորեցնել այն լեզուն, որով նրանք խոսում էին տանը։ Այժմ Միշելը լավ հասկանում է հայերեն և կարողանում է շփվել հայերենով։ Նրա հիշողության մեջ մնացել են հայկական խոհանոցի բույրերը՝ տոլմա, սպաս և այլ ուտեստներ։

Միշելի կարիերան սկսվել է «Vivaux Marronniers Sports» ակումբի երիտասարդական թիմում, այնուհետև խաղացել է Մարսելի «Մազարգ» ակումբում: 1979 թվականին նա պայմանագիր է կնքել «Նանտի» հետ, որտեղ հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։ 1981 թվականին Միշելը դարձել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի անդամ, որը Եվրոպայի առաջնությունում գրավել է երրորդ տեղը, իսկ 1983 թվականին «Նանտի» հետ նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ 1985 և 1986 թվականներին ակումբը դարձել է փոխչեմպիոն, ինչպես նաև հասել ՈՒԵՖԱ-ի գավաթի քառորդ եզրափակիչ։ 1988 թվականին Տեր-Զաքարյանը տեղափոխվել է «Մոնպելյե»։

1990 թվականին Միշելը դարձել է «Մոնպելյե»-ի ավագը և նվաճել Ֆրանսիական լիգայի գավաթը։ 1994 թվականին ակումբը հասել է Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ, սակայն պարտվել է «Օսերին»։ 1996 թվականին Միշելը նորամուտը նշել է Հայաստանի հավաքականում, սակայն վնասվածքների պատճառով մասնակցել է ընդամենը երեք հանդիպման:

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Տեր-Զաքարյանը դարձել է մարզիչ։ Նա աշխատել է «Մոնպելյե»-ում, մարզել է երկրորդ դիվիզիոնի թիմը և 2006 թվականին վերադարձել է «Նանտ»։ 2007 թվականին ակումբի երկրորդ լիգա մեկնելուց հետո նրան վստահել են «Նանտ»-ի մարզումը և ակումբը վերադարձել է առաջին լիգա։

2016 թվականին Միշելը գլխավորել է «Ռեյմս»-ը, սակայն չի կարողացել պահպանել իր տեղը բարձրագույն դիվիզիոնում։ 2017 թվականին դարձել է «Մոնպելյե»-ի գլխավոր մարզիչ:

2011 թվականին Տեր-Զաքարյանը «France Football» ամսագրի կողմից ճանաչվել է երկրորդ լիգայի լավագույն մարզիչ: