Michelin Guide-ի ընտրությունը ԱՄՆ-ում՝ արցախյան «Ժենգյալով հաց»
16 Ապրիլի 2024, 19:00
Գլենդելի կենտրոնում գտնվող Բրոդվեյ 318 E հասցեում գտնվող արցախյան «Ժենգյալով հաց» ռեստորանը դարձել է սիրված վայր ոչ միայն տեղի հայերի, այլև այլազգիների համար: Կարճ ժամանակում ռեստորանը հանրաճանաչություն ձեռք բերեց նաև ԱՄՆ-ում ճանապարհորդող զբոսաշրջիկների շրջանում: Տարբեր նահանգների բնակիչներ գալիս են այստեղ վայելելու արցախյան հոտն ու համը։
Ամեն ինչ սկսվեց 2015 թվականին, երբ Վրեժ Օսիպյանն առաջին անգամ եկավ ԱՄՆ և շուկան ուսումնասիրելուց հետո համոզվեց, որ իր երևանյան բիզնեսը կծաղկի նաև Գլենդելում: Վրեժը երկար փնտրտուքներից հետո 2019 թվականին այս քաղաքում բիզնեսի համար հարմար տարածք գտավ և սկսեց վերանորոգել այն։ Մինչ այդ նա նույն բիզնեսն էր հիմնել նաև Մոսկվայում։ Անցյալ տարի «Ժենգյալով խաց» ռեստորանը ներառվել է 1900 թվականից հրատարակվող ամենահայտնի ուղեցույցում՝ Michelin Guide-ում։
Վրեժն ընդգծել է, որ իր հաստատությունն ԱՄՆ-ում նման ուշադրության արժանացած առաջին և միակ հայկական ռեստորանն է, որն ընդգրկված է Michelin Guide-ում:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, Michelin Guide-ում ընդգրկվել է երեք հայկական ռեստորան՝ մեկը Լոնդոնում, մյուսն էլ՝ Աբու Դաբիում։ Երրորդն, ինչպես հպարտությամբ նշում է Վրեժը, Գլենդելում գործող «Ժենգյալով հաց» ռեստորանն է:
«Խոսակցություններն այն մասին, որ ես այստեղ սեփական հող ունեմ, և ինքս կանաչի եմ աճեցնում, ճիշտ չեն։ Ես Արցախից բերել եմ կծմնձուկի սերմեր, այստեղ գտել եմ մարդկանց, նրանք աճեցնում են այն, և ամեն առավոտ ճիշտ քանակությամբ կանաչեղեն են հասցնում։ Երկու տարի փորձում էի գտնել անհրաժեշտ տեսականին»,- ասել է նա՝ հավելելով, որ ռեստորանի ցուցանակի վրա պատկերված է արցախյան փախլավա, որն, ըստ նրա, ԱՄՆ-ում շատ են սիրում, ավելին, նա խոստովանում է, որ ինքն էլ փախլավայի սիրահար է, թեև չգիտի, թե ինչու։
«Գուցե կարոտի պատճառով», — ժպտում է նա:
Օսիպյանը նախատեսում է ընդլայնել իր բիզնեսը, բազմաթիվ առաջարկներ ունի։ Վերջինը եղել է Տեխաս նահանգից։
«Նրանք եկել էին Դալասից, առաջարկում էին իրենց կողքին «Ժենգյալով հաց» ռեստորան բացել»,- պատմեց Վրեժը՝ հավելելով, որ առաջարկներ են եղել նաև Նյու Յորքից և Մայամիից: