Մնում է մեր դեմ լինելը վերածվի քաղաքական կամքի ու պարտադրվի դե ֆակտո Ազգային ժողովին. Վարուժան Գեղամյան
10 Հունիսի 2024, 16:46
Իմ բողոքի ձայնի հասցեատերը Ազգային ժողովն է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցեւմ ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը.
«Ես այստեղ եմ գտնվում որպես ՀՀ քաղաքացի, մարդ, որը մտահոգ է, մարդ, որը կարծում է՝ ներկայումս վարվող թե արտաքին, թե ներքին քաղաքականությունը չի բավարարում ոչ միայն մեր առջև եղած մարտահրավերները, այլև լիարժեք կերպով դեմ է ազգային-պետական շահերին: Հետևաբար, այս շարժմանը փորձում եմ իմ բողոքի ձայնը բարձրացնել և դրա հասցեատերը առաջին հերթին Ազգային ժողովն է»,- նշել է Գեղամյանը:
Մեր զրուցակիցը անդրադարձ է կատարել հանրային տրամադրություններին. Մեծամասնությունը դեմ է վարվող քաղաքականությանը.
«Փորձում են մի լավ բան անել, բայց չի ստացվում: Դա արդեն պատճառ է ժողովրդավար երկրում, որ հրաժարական տան, հեռանան ու թույլ տան ավելի կարող, ավելի արդյունավետ գործող թիմերի այս իրավիճակի համար դառնալ պատասխանատու:
Եվ սոցիոլոգիական հարցումների, և հանրային տրամադրությունների պարզ, կենցաղային չափումները ցույց են տալիս, որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է վարվող քաղաքականությանը: Մնում է, որ այդ դեմ լինելը բավարար չափով վերածվի քաղաքական կամքի, ու այդ քաղաքական կամքը պարտադրվի դե ֆակտո Ազգային ժողովին»,- եզրափակեց Վարուժան Գեղամյանը: