Մոսկվան և Թեհրանը ուժեղացնում են համակարգումը Հարավային Կովկասում․ Գալուզինն ու Սոբհանին քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքը
10 Սեպտեմբերի 2026, 20:01
Սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեհդի Սոբհանիի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։
Մոսկվան և Թեհրանը վերահաստատել են «3+3» հարթակի շրջանակում համակարգումը շարունակելու շահագրգռվածությունը և պատրաստակամություն հայտնել տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը։ Այն շուրջ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ բազմամոդալ երթուղի է, որը կապում է Սանկտ Պետերբուրգը Հնդկաստանի Մումբայ նավահանգստի հետ։
Միջանցքը ներառում է երեք հիմնական ուղղություն՝ տրանսկասպյան երթուղին, որը նախատեսում է երկաթուղային տրանսպորտի և նավահանգիստների օգտագործում, ինչպես նաև արևմտյան և արևելյան ցամաքային երթուղիները։