Մոսկվան Փաշինյանից ռազմավարական հստակություն է ակնկալում Ռուսաստանի հետ հարաբերություններում․ Սերգեյ Ստանկևիչ
11 Սեպտեմբերի 2026, 22:30
Քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ին մեկնաբանել է, թե ինչ ակնկալիքներ ունեն Մոսկվան և Երևանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա նախատեսվող այցից, և որքան արդյունավետ կարող են լինել նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Քաղաքագետի խոսքով՝ Մոսկվան Երևանից ակնկալում է Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների հարցում ռազմավարական հստակություն։
«Այցի արդյունքները կանխատեսելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ են ակնկալում դրանից երկու կողմերը։ Հասկանալի է, թե ինչ է ակնկալում Մոսկվան՝ առաջին հերթին ռազմավարական հստակություն։ Արդյոք ներկայիս Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը, արդյոք Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցում է դաշնակցային հարաբերությունների սկզբունքին համապատասխան։
Մասնավորապես՝ պահպանվո՞ւմ է արդյոք Հայաստանի մասնակցությունը երկու ինտեգրացիոն գործընթացներին՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, այսինքն՝ Ռուսաստանին միավորող ռազմական և տնտեսական բլոկներին։ Պահպանվո՞ւմ է արդյոք ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքում, համատեղ ատոմային էներգետիկայի նախագիծը, ինչպես նաև Ռուսաստանի և ռուսական բիզնես կառույցների կարգավիճակը՝ որպես Հայաստանի տարածքում խոշորագույն հարկատուներից մեկը։
Այս բոլոր հարցերի վերաբերյալ Երևանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի և չշարունակի ասել՝ մենք կմտածենք, կասկածներ ունենք, կխորհրդակցենք, այս պահին ոչինչ չենք փոխում, բայց երեք տարի անց գուցե ամեն ինչ փոխենք։ Ահա այս ռազմավարական անորոշությունը պետք է, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե 80 տոկոսով ավարտվի այս այցի ընթացքում։ Մոսկվան դա շատ լավ հասկանում է», — ասել է Ստանկևիչը։