Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը ՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Վլադիմիր Պուտին
04 Հունիսի 2026, 22:20
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կցանկանար, որպեսզի պատմական հեռանկարում ԵԱՏՄ-ի և Եվրամիության չափանիշները համընկնեին՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ձևավորելով միասնական տարածք: Սակայն, ըստ նրա, այժմ դա հնարավոր չէ։
Պատասխանելով Հայաստանի ապագայի մասին հարցին՝ Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան Երևանին խնդրում է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել իր ինտեգրման ուղղության հարցում՝ Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական տնտեսական միություն։
Նա նշել է, որ դրանում որևէ քաղաքական խնդիր չի տեսնում և Երևանի դիրքորոշումը բնական է համարում, քանի որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժերը վաղուց են խոսում արևմտյան չափանիշներին կողմնորոշվելու մասին։
ՌԴ նախագահը հավաստիացրել է, որ Ռուսաստանը կպահպանի նորմալ հարաբերությունները Հայաստանի հետ՝ անկախ նրա ընտրությունից: Նա նաև հիշեցրել է, որ հենց Երևանի խնդրանքով է Ռուսաստանը ժամանակին պնդել, որ Հայաստանը միանա ԵԱՏՄ‑ին։