Մոսկվայում հնչել են Առնո Բաբաջանյանի մոռացված մեղեդիները
25 Հունվարի 2025, 12:54
Հունվարի 21-ին Մոսկվայի «Ռուսական Ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ տեղի է ունեցել «Սիրո դար» խորագրով երեկո՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1974թ-ին Տոկիոյում կայացած 3-րդ համաշխարհային փառատոնի արդյունքներով «Լավագույն կոմպոզիտոր», դաշնակահար Առնո Բաբաջանյանի ծննդյան 104-ամյակին:
Բաբաջանյանի հայտնի և սիրված ստեղծագործություններից բացի համերգին հնչել են նաև կոմպոզիտորի մոռացված երգերը:
Ինչպես նշել է Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցը, հիմնադրամի կազմակերպած միջոցառումներում վերածնվում են կոմպոզիտորի մոռացված երգերը: Օրինակ՝ անցյալ տարի վերածնվել են «Սերը մեկն է», «Երգը թռել է Մոսկվայից» և «Փարիզյան ձյուն» երգերը: Այս անգամ համերգին հնչել են «Սիրո ծառուղի», «Օրորոցային», «Մոսկվա-գետ», «Կապույտ տայգա», «Տղերքը, որոնք չկան», «Անուրջներ» երգերը:
Համերգին ելույթ են ունեցել Առնո Բաբաջանյան հիմնադրամի մենակատարները, հրավիրված արտիստներ, ինչպես նաև պատանի կատարողներ Մակար Ղազարյանը, Աննա Կարպովան և սաքսոֆոնահար Արարատ Ներսիսյանը: