Մոսկվայում կայացել է Արցախյան երկրորդ պատերազմի մասին Կոլյա Ստեփանյանի գրքի շնորհանդեսը

08 Մարտի 2025, 15:50

Հայեր

Մոսկվայի հայկական թանգարանում տեղի է ունեցել Կոլյա Ստեփանյանի «Որտեղ. Պատմություն Արցախյան երկրորդ պատերազմի մասին» գրքի շնորհանդեսը։

Գրքի հեղինակ Կոլյա Ստեփանյանը ծնվել և մեծացել է Մոսկվայում, սակայն 2019 թվականից ապրում է պատմական հայրենիքում՝ Հայաստանում: 2020 թվականին մասնակցել է 44-օրյա պատերազմին։

Պատերազմի ժամանակ Ստեփանյանը հինգ ընկերների հետ հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ։ Նրանք անհետ կորած էին համարվում 70 օր։ Բարեբախտաբար, բոլորը ողջ մնացին և վերադարձան տուն։

«Հենց հիմա իմ գրքի շնորհանդեսն է, և ես չափազանց շատ հույզեր եմ ապրում… պատերազմն իմ կյանքի իրականությունն է, որը ես և դրա միջով անցած մյուս մարդիկ պետք է ընդունենք: Ինչպե՞ս ընդունել պատերազմը: Օրինակ՝ նրա մեջ ինչ-որ լավ, դրական բան գտնել», -նշել է Ստեփանյանը՝ ներկայացնելով իր գիրքը։

«Կարևոր է արդեն այս իրադարձություններից հետո, պատերազմից հետո վերադառնալ և փորձել դրան նայել արդեն այլ կողմից», — Alpha News-ի հետ կիսվել է գրքի հեղինակը:

Կոլյա Ստեփանյանը գիրքը գրել է 2 տարում։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում ևս մեկ անգամ վերապրել է այն բոլոր էմոցիաները, որոնք ունեցել է պատերազմի ժամանակ։

Նա նաև նշել է, որ ուրախ կլիներ, եթե իր գրքի հիման վրա ֆիլմ նկարահանվեր։ Կոլյան նաև հավելել է, որ հետագայում էլ պատրաստվում է շարունակել իր ստեղծագործական ուղին՝ որպես գրող։

«Որտեղ. Պատմություն Արցախյան երկրորդ պատերազմի մասին» գիրքը կարելի է ձեռք բերել Ռուսաստանի առցանց խանութներից։ Գիրքը շուտով կլինի նաև Երևանում: Կա նաև աուդիոգիրք, որտեղ հեղինակը ինքն է կարդում տեքստը։