Մոսկվայում մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցը
21 Հունվարի 2025, 13:09

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրելուց հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել էր Ռուսաստան:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել էր Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը՝ նշելով, որ այն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ: Նախարարը հիշեցրել է ԵԱՏՄ զարգացմամբ զբաղվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիության մասին:
«Հայաստանի կառավարությունն իրավունք ունի որոշում կայացնել ցանկացած միջազգային միության միանալու մասին։ Բայց այն պետք է հաշվի առնի դրական և բացասական կողմերը և պատասխանատվություն ստանձնի հետևանքների համար»,- հայտարարել է նա։
Լավրովի խոսքով՝ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն երկու անհամատեղելի կառույցներ են։ «Դրանք ազատ առևտրի երկու տարբեր գոտիներ են, մաքսատուրքերից և սակագներից հրաժարվելու կամ նվազեցնելու երկու տարբեր համակարգեր, դրանք չեն համընկնում»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: