Մոսկվայում սկսվել է «Սպայկա-Ռուս»-ի ղեկավարների գործով դատավարությունը
15 Սեպտեմբերի 2026, 21:40
Մոսկվայի Օստանկինսկի դատարանում սեպտեմբերի 14-ին սկսվել է Հայաստանում պտուղ-բանջարեղենի խոշորագույն արտահանողներից մեկի՝ «Սպայկա-Ռուս» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Ղազարյանի և ընկերության գլխավոր տնօրեն Արայիկ Սարուխանյանի քրեական գործի քննությունը։ Դատավարությունն անցկացվում է հեռակա կարգով, քանի որ, ըստ որոշ տվյալների, երկու գործարարներն էլ ներկայում բնակվում են Հայաստանում։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»։
Ռուսաստանի իրավապահ մարմինները Ղազարյանին և Սարուխանյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ոչ ռեզիդենտների հաշիվներին դրամական միջոցների փոխանցման հետ կապված արտարժութային գործառնություններ իրականացնելու և հանցավոր եկամուտների օրինականացման մեջ։ Նրանց մեղադրանքները հիմնված են ՌԴ քրեական օրենսգրքի 199, 193.1 և 174.1 հոդվածների վրա։
Քրեական գործը ՌԴ Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչությունը հարուցել է 2019 թվականի ապրիլին։ Քննության վարկածի համաձայն՝ 2015-2018 թվականներին Դավիթ Ղազարյանը և Արայիկ Սարուխանյանը կեղծ պայմանագրերի միջոցով Ռուսաստանից դուրս են բերել շուրջ 44 մլրդ ռուբլի։
Ըստ քննության՝ նշված ժամանակահատվածում պտուղ-բանջարեղենի մատակարարման պայմանագրերով նախատեսված ապրանքների միայն շուրջ 2 տոկոսն է փաստացի ներմուծվել Ռուսաստան։ Իրավապահների պնդմամբ՝ գործարքների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները նույնպես չեն կատարվել։ Քննության տվյալներով՝ երկրից դուրս բերված միջոցներն այնուհետև ներդրվել են տարբեր ընկերությունների բաժնետոմսերում, ինչը իրավապահները որակել են որպես հանցավոր եկամուտների օրինականացում։
Ռուսաստանում քրեական գործի հարուցումից հետո Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել նաև Հայաստանում՝ շուրջ 17 մլն դոլարի հարկեր չվճարելու համար։ Սակայն գործարարը հետագայում փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը, ինչից հետո նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
2025 թվականի մարտին ՌԴ Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչությունը Ղազարյանին և Սարուխանյանին հեռակա մեղադրանքներ է առաջադրել, որից հետո նրանք հայտարարվել են հետախուզման մեջ։ Քննության վարկածով՝ Դավիթ Ղազարյանը մեղսագրվող հանցագործությունների կազմակերպիչն է, իսկ Արայիկ Սարուխանյանը՝ կատարողը։
Քննությունը երկու անգամ կասեցվել է՝ գործի ֆիգուրանտների նկատմամբ հայտարարված հետախուզման պատճառով, այնուհետև վերսկսվել։ Քրեական գործը դատարան է ուղարկվել 2026 թվականի օգոստոսին, իսկ սեպտեմբերի 14-ին սկսվել է դրա ըստ էության քննությունը։