ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի դասախոսները Մոսկվայում հանդիպել են Եզրաս եպիսկոպոսի հետ

09 Փետրվարի 2024, 18:41

Կրթություն

Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դասախոսներին, որոնք Մոսկվա են ժամանել Ռուսաստանի կրթական հաստատությունների հետ գիտակրթական կապեր հաստատելու նպատակով։

Պատվիրակության անդամներին, որոնց թվում էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, դիվանագետ Արա Այվազյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Աբրահամյանը, ուղեկցում էր Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Վարդան Տողանյանը:

Ողջունելով հյուրերին՝ Եզրաս սրբազանը գոհունակություն է հայտնել կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության և բարեկամական կապերի ամրապնդման նախաձեռնության կապակցությամբ՝ այն համարելով կարևոր ներդրում գիտական մտքի զարգացման գործում:

Թեմի առաջնորդն իր զորակցությունն է հայտնել կրթական ծրագրերի իրականացման գործում՝ մաղթելով, որ Տերը շնորհք և օրհնություն տա բոլորին ՝ նրանց գործունեությունը պսակելով նորանոր հաջողություններով՝ ի բարօրություն հայ ժողովրդի։

Հիմա եթերում