Որևէ սահմանափակում չկա. Քննչական կոմիտեն՝ Նարեկ Կարապետյանի սահմանը հատելու արգելքի մասին

15 Հունիսի 2026, 18:15

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել։ Այդ մասին են վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան քննչական մարմինների տրամադրած պարզաբանումները։ Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, օրեր առաջ Կարապետյանին թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը։ Վերջինս հայտարարել էր, որ մտադիր էր մեկնել Լարս՝ տեղում ծագած խնդիրները լուսաբանելու և ներկայացնելու համար։ Նրա ելքի արգելքի համար որպես հիմք էր մատնանշվել նրա՝ իբր այլ երկրի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ հարուցված վարույթը։

Նշված քրեական վարույթի շրջանակներում, սակայն, Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ տեղեկություններ չկան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից ընդգծել են, որ իրենց կողմից որևէ սահմանափակում չկա։ Համանման պատասխան է ստացվել նաև Հատուկ քննչական ծառայությունից (Հակակոռուպցիոն կոմիտեից), իսկ Գլխավոր դատախազությունից խնդրել են գրավոր հարցում ուղարկել։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակայնորեն հերքել էր Նարեկ Կարապետյանի՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունները՝ արձանագրելով, որ ներկայացված տվյալները չեն հաստատում նման հանգամանքի առկայությունը։