Նարինե Նանայանը և Մարիաննա Տերտերյանը ելույթ կունենան «Նիկո» պատկերասրահում

03 Փետրվարի 2025, 16:30

Հայեր | Մշակույթ

Փետրվարի 6-ին և 11-ին «Նիկո» պատկերասրահում ջութակահարներ Նարինե Նանայանն ու Մարիաննա Տերտերյանը կկատարեն Սերգեյ Ախունովի «Էսքիզներ», «Ջազ» և «Թեթև հպումների արվեստը» սյուիտները:

«Նիկո» պատկերասրահը ներկայացնում է համերգների շարք, որոնք միավորված են «Սերգեյ Ախունովի երաժշտական երեկոներ» ընդհանուր անվանումով:

Փետրվարի 6-ին և 11-ին տեղի կունենան համերգներ, որտեղ կկատարվեն կոմպոզիտորի ավելի վաղ գրած ստեղծագործությունները, որոնցից են «Էսքիզներ» շարքի մեծ մասը, «Ջազ» շարքը, ինչպես նաև 2024 թվականին ստեղծված բոլորովին նոր ստեղծագործությունները, որոնցից է «Թեթև հպումների արվեստ»-ը, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա փետրվարի 11-ին։

Փետրվարի 6-ին Նարինե Նանայանը (ջութակ) և Աննա Ցագարելին (դաշնամուր) կկատարեն «Ջազ» շարքը:

Փետրվարի 11-ի ծրագրում ներառված է Ախունովի «Թեթև հպումների արվեստը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: Ջութակահարներ Մարիաննա Տերտերյանի և Գլեբ Դոնցովի պատվերով Սերգեյը սյուիտ է գրել իր համար նոր ժանրում, սա ստեղծագործություն է երկու ջութակի մենակատարների համար, որում ջութակներն իրենք հավասարապես խաղում են և մենակատարի դեր, և նվագակցության մաս: