Նելսոն Ստեփանյան․ հայ հերոս օդաչուն

28 Մարտի 2024, 23:15

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մարտի 28-ին լրանում է Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ծննդյան 105-ամյակը:

Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) սկզբին Նելսոն Գևորգի Ստեփանյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ. ծառայել է Սևծովյան ռազմական նավատորմում: «Իլ-2» գրոհային ինքնաթիռով կործանիչ հարվածներ է հասցրել գերմանական զորամիավորումներին Զապորոժիեի, Պոլտավայի, Օդեսայի, Կախովկայի շրջաններում:

Հայ օդաչուն կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ` 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր:

Խորհրդային Միության հերոսի առաջին աստղը Նելսոն Ստեփանյանը ստացել է 1942 թվականի հոկտեմբերին՝ Լենինգրադի պաշտպանության ընթացքում ունեցած հաջողությունների համար։

Երկրորդ աստղը ստացել է Ղրիմում և Բալթիկայում 1944թ. գործողությունների համար, սակայն այդպես էլ չի տեսել այն իր կրծքին. զոհվել է 1944թ. դեկտեմբերի 14-ին Բալթիկ ծովում՝ Լիեպայա քաղաքի մերձակայքում։

Իսկական օդաչուի պես նա իր գունդը ղեկավարում էր գերմանական նավերին հարվածելու համար, բայց հարձակողական և կործանիչ ստորաբաժանումների միջև ոչ բավարար հստակ փոխգործակցության պատճառով Ստեփանյանի գրոհիչները հանկարծակի հարձակվեցին գերմանացիների կործանիչների վրա, սակայն նրա ինքնաթիռը խփվում է և նա վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի հակառակորդի նավն՝ ապահովելով զինակիցների հաղթանակը։

Նելսոն Ստեփանյանին հետմահու երկրորդ անգամ շնորհվել է ԽՍՀՄ հերոսի կոչում (1945թ.):