Նեպալում աղետից 9 օր անց հեղեղված թունելից երկու մարդ են դուրս բերվել

04 Սեպտեմբերի 2026, 12:55

Տնտեսություն և Բիզնես

Նեպալում աղետալի ջրհեղեղից 9 օր անց փրկարարները ողջ են հայտնաբերել «Trishuli 3A» հիդրոէլեկտրակայանի երկու աշխատակցի, որոնք արգելափակված էին թունելում։

Տղամարդկանց հաջողվել է դուրս բերել մոտ 170 մետր խորությունից։ Երկուսն էլ տեղափոխվել են Կատմանդուի հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Փրկվածներից մեկը հայտնել է, որ թունելի ներսում դեռ ողջ մարդիկ կան։

Associated Press-ի տվյալներով՝ սեպտեմբերի 4-ի առավոտյան փրկարարները թունելի խորքից ձայներ են լսել։ Սկզբում հայտնաբերել են մեկ աշխատակցի, ապա՝ երկրորդին։ Իշխանությունները հույս ունեն հասնել նաև մյուս արգելափակված մարդկանց։ «Trishuli 3A» օբյեկտում անհետ կորած է համարվում 557 աշխատակից, որոնցից շուրջ 115-ը, ենթադրաբար, գտնվել են թունելներում։

Ընդհանուր առմամբ, Նեպալի 12 հիդրոէներգետիկ օբյեկտներում ջրհեղեղից հետո անհետ կորել է շուրջ 900 աշխատակից։ Ենթադրվում է, որ նրանցից մոտ 500-ը կարող են դեռևս գտնվել գետնի տակ։ Այս պահի դրությամբ հիդրոէներգետիկ օբյեկտներից հաջողվել է փրկել ավելի քան 270 մարդու։ Ամենաբարդ իրավիճակը շարունակում է մնալ թունելներում, որոնց մուտքերն արգելափակվել են ցեխի, խոշոր քարերի և բեկորների հաստ շերտով։

Նեպալում զոհերի ընդհանուր թիվն այս պահին հասել է 1,259-ի։ Ավելի քան 5,000 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը։

Հիմա եթերում