Ներգաղթյալների դեմ իրականացվող ռեյդերը մեծ վնաս են հասցնում Կալիֆորնիայի տնտեսությանը. Ադրին Նազարյան

ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության իրականացրած լայնածավալ գործողությունների և ստուգայցերի մասին Alpha News-ը զրուցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանի հետ:

Նրա խոսքով՝ ռեյդերի պատճառով իրականացված բողոքի ակցիաները քչացել են, բայց խնդիրը չի վերացել:

«Վերջին 6 ամիսը Լոս Անջելեսի համար դժվար ժամանակաշրջան է: Խոսքը հրդեհների, քամիների մասին է, ինչպես նաև բյուջետային և արդեն նաև ներգաղթի խնդիրների մասին: Վերջինի հետ կապված բողոքի ակցիաները քչացել են, բայց խնդիրը չի վերացել: Ճիշտ է, Լոս Անջելեսը հսկայական տարածք է, և այդ ակցիաները տեղի էին ունենում 4-5 թաղամասում, բայց դրանց պատճառով ձերբակալությունները մեծ վնաս են հասցրել բոլոր համայնքներին: Չպետք է մոռանալ, որ Կալիֆորնիայի տնտեսության կարևոր բաղադրիչ մաս է գյուղատնտեսությունը: Եվ եթե չլինեն այդ աշխատակիցները, որոնց մեծ մասը ներգաղթյալներ են, մեծ վնաս կհասցվի նաև գյուղատնտեսությունը»,- նշել է Նազարյանը:

Նա իր խոսքում ընդգծել է, որ տնտեսության համար աշխատող մարդկանց 10%-ը այն ներգաղթյալներն են, որոնք այսօր ձերբակալվում և հետ են ուղարկվում:

«Տպավորություն է՝ ապրում ենք 1930-ական թվականների Գերմանիայում: Մարդկային տեսանկյունից այս ձերբակալությունները խայտառակություն են, դրսում մի քիչ թուխ մաշկով մարդ են տեսնում, բռնում տանում են, առանց ընտանիքին տեղյակ պահելու: Բայց, մարդկային գործոնը մի կողմով դնելով, պետք է ընդգծել, որ Լոս Անջելեսի բնակչության գրեթե 10%-ը ներգաղթյալներ են: Այսինքն՝ մեր տնտեսության համար աշխատող մարդկանց 10%-ն այն մարդիկ են, որոնք այսօր ձերբակալվում և հետ են ուղարկվում: Եթե նրանք այդ գործը չանեն՝ ով է անելու: Ձերբակալվածներից շատերը բոլորիս նման մարդիկ են, որոնք եկել են այս երկիր և օրինական ճանապարհով փորձում են դառնալ քաղաքացի»,- եզրափակել է Նազարյանը: