Ներկա պայմաններում հեռու ենք Իրանի ու Ադրբեջանի միջև առճակատումից․ Ռոբերտ Բեգլարյան

18 Հունվարի 2025, 21:00

Քաղաքականություն

Իսրայելի առկայությունն Ադրբեջանում Իրանի համար այս պահին ինքնին մեծ խնդիր է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Իրանի Մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:

«Կարծում եմ՝ ներկա պայմաններում հեռու ենք Իրանի ու Ադրբեջանի միջև առճակատումից: Չպետք է անտեսել, որ, համենայնդեպս, Իսրայելի առկայությունն Ադրբեջանում Իրանի համար այս պահին ինքնին մեծ խնդիր է: Մենք ականատես ենք լինում, որ Իրանը փորձում է նրբորեն հարաբերություններն ինչ-որ մակարդակի պահել»,- ասել է Ռոբերտ Բեգլարյանը:

Հիշեցնենք՝ Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել էր իր գործունեությունն 2023 թվականի հունվարին դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել էին։

Հարձակումը, որը Բաքուն անվանել է «ահաբեկչական ակտ», հանգեցրել էր դիվանագիտական հարաբերությունների կտրուկ վատթարացման: 2024 թվականի հուլիսի 15-ից Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը նոր հասցեում։

Ռոբերտ Բեգլարյանի խոսքով՝ Իրանը փորձում է նույնիսկ զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ:

«Այդ մասին է վկայում Իրանի ԱԽ գերագույն խորհրդի քարտուղարի այցն Ադրբեջան: Ի դեպ, նա հետո այցելեց նաև Հայաստան»,- նկատել է նա:

Իրանի Մեջլիսի նախկին պատգամավորն անդրադարձել է նաև Իրան-Ռուսաստան հարաբերություններին ու ներկայացրել մանրամասներ այն ռազմավարական համագործակցության պայմանագրից, որ պատրաստվում են ստորագրել պաշտոնական Թեհրանն ու Մոսկվան: