Նոր սահմանադրություն, նոր տարածքներ. Տիգրան Քոչարյան

20 Հունվարի 2024, 17:00

Կարծիք | Քաղաքականություն

Հայաստանում նոր Սահմանադրություն են ընդունում տասը տարին մեկ, բայց այս անգամ Փաշինյանը շտապեց։Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Սովորաբար Սահմանադրությւոնը Հայաստանում փոխվում է տասը տարին մեկ, բայց Փաշինյանն այս ամենը արագացնում է, քանի որ պետք է կնքի խաղաղության պայմանագիր, որտեղ, ըստ իս, ամրագրված է Հայաստանի վերջնական հրաժարումը Արցախից։ Սա անմիջապես հակառակվում է այն փաստաթղթին, որի վրա հիմնված է ներկայիս սահմանադրությունը։ Անկախության հռչակագիրն արգելում է Արցախը ճամաչել այլ երկրների կազմում։ Եվ այս հարցը Փաշինյանը պետք է լուծի, իսկ առանց սահմանադրության փոփոխության նա դա չի կարող անել»,- ասել է Քոչարյանը։

Նա ընդգծում է՝ Փաշինյանն ամեն ինչ անում է նախագահ ընտրվելու համար, ինչն իրեն հնարավորություն կտա ևս երկու անգամ վերընտրվելու։

«Թուրքիան ու Ադրբեջանն այլ պայմաններ ունեն։ Սահմանադրությունից պետք է դուրս գան Ցեղասպանության ճանաչմանը վերաբերող դրույթները։ Վստահ եմ, որ միջազգային հանրության ճնշման ներքո դուրս է գալու նաև Հայ առաքելական եկեղեցու դերը առանձնացնող դրույթը։ Մեր սահմանադրության մեջ կա նաև կետ, որը արգելելու է միասեռ ամուսնությունը, վստահաբար դա ևս դուրս կգա։ Նիկոլ Փաշինյանն այլևս չի ուզում վարչապետ լինել, նա ուզում է նախագահ դառնալ, որովհետև երբեք չի եղել։ Վստահ եմ, որ մեզ մոտ նախագահական կառավարման սիստեմ է լինելու, և Փաշինյանը կստեղծի պատրվակ ևս երկու անգամ վերընտրվելու համար։ Այս ամենը պետք է կանգնեցնել, որովհետև վտանգները շատ մեծ են, և սա լինելու է կապիտուլյացում։ Սա լինելու է երրորդ հանրապետության էջը փակող սահմանադրություն և արդյոք այն չորրորդ հանրապետության ստեղծման սահմանադրություն կդառնա, խիստ կասկածներ կան։

Իսկ ի՞նչ է սպասում մեր երկրին։

Ձևափոխելով բանտում գտնվող «դասականի» խոսքերը` նոր Սահմանադրություն, նոր տարածքներ»,- եզրափակել է Քոչարյանը։